10:44 , 5 մարտ, 2013
Բոլորը գիտեն, որ ճիշտ նախաճաշը շատ կարեւոր է, բայց քչերն են ուշադրություն դարձնում դրա վրա` մտածելով, որ աշխատանքն ավելի կարեւոր է:
Մինչդեռ հենց կանանց է պետք հիշել, որ ամենաօգտակար մթերքը պետք է առավոտյան ուտել, որպեսզի հեշտ մարսվի օրգանիզմի կողմից ու ծառայի նրանց արտաքին գեղեցկությանը:
Ասում են, որ ճաշի ժամանակ ընդունած ոչ ճիշտ մթերքները խնդիրներ են առաջացնում` կապված մարմնի կառուցվածքի հետ, իսկ ոչ ճիշտ նախաճաշը վատ է անդրադառնում մաշկի ու մազերի վրա: Այնպես որ, ավելի լավ է հետեւել այն մարդկանց օրինակին, ում կարծիքով ճիշտ նախաճաշը մարդու առողջության ու գեղեցկության հիմքն է:
Դիետոլոգների մեծ մասը գտնում է, որ նախաճաշին պետք է ընդունել հատիկավոր բույսեր, որոնք էներգիայի աղբյուր են հանդիսանում, կաթնամթերք` հարուստ սպիտակուցներով ու հանքային նյութերով եւ տարբեր վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակող մրգեր: Ներկայացնենք նախաճաշի համար նախատեսված հիմնական մթերքները` սկսելով ամենաօգտակարներից:
Առաջին տեղը զբաղեցնում է նարինջի հյութը, որից ստացած վիտամիններն ու ածխաջրերը բավարար են ամբողջ օրվա համար: Պատահական չէ, որ ամերիկյան ու եվրոպական ֆիլմերում հաճախ ենք նկատում, որ առավոտյան նարնջի հյութ են խմում: Այդ երկրներում` որպես սովորույթ, այն խմում են ամեն օր: Նարնջի հյութ չլինելու դեպքում կարելի է խմել նաեւ ցանկացած մրգի կամ բանջարեղենի հյութ, ինչը նույնպես օգտակար է:
Սեւ հացը զինում է մարդու օրգանիզմը հանքային աղերով, B խմբի վիտամիններով ու ածխաջրերով:
Մրգերի օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է, քանի որ բոլորին հայտնի է, որ դրանք նախաճաշի լավագույն տարբերակն են:
Պանիրը, մյուս կաթնամթերքների հետ համեմատած, ավելի շատ սպիտակուցներ ու կալցի է պարունակում, որի շնորհիվ հեշտ է մարսվում օրգանիզմի կողմից:
Մեղրն օրգանիզմի համար հանդիսանում է էներգիայի լավագույն աղբյուր: Ընդամենը մի քանի գդալ մեղրը կարող է ամբողջ օրվա ընթացքում մարդուն պաշտպանել սթրեսներից:
Օգտակար մթերքների այս խմբին կարելի է ավելացնել նաեւ տարբեր ջեմերը եւ ձուն: Իսկ սպիտակ հացից ավելի լավ է հրաժարվել, քանի որ այն էներգիայի աղբյուր համարել չի կարելի եւ օրգանիզմի կողմից դժվար է մարսվում:
Ինչ վերաբերում է սուրճին ու սեւ թեյին, ապա շատերը չեն ցանկանում դրանցից հրաժարվել` պատճառաբանելով, որ իրենց անհրաժեշտ է թարմանալ: Սակայն սեւ թեյն ավելի լավ է փոխարինել կանաչ թեյով: Ընդհանրապես, երբ խոսքը գնում է սուրճի վնասակար ազդեցության մասին, մասնագետների մեծամասնությունը նկատի ունի հենց լուծվող սուրճը, որն ընդհանրապես սուրճ չի կարելի համարել, թեեւ գովազդն ակտիվորեն հակառակն է պնդում: Ամեն դեպքում, եթե առավոտյան չեք կարողանում հրաժարվել մեկ բաճակ սուրճից, ըմպեք բնական սուրճ, քանի որ այն բավական շատ օգտակար նյութեր է պարունակում` հակաօքսիդանտներ, հանքային նյութեր, ուղղակի չպետք է այն չարաշահել:
Ինչպես տեսնում ենք, ցանկության դեպքում հնարավոր է ընտրել առողջարար ուտելիք եւ ամբողջ օրվա ընթացքում լավ զգալ: