07:55 , 20 դեկտեմբեր, 2016
Ավելի քան 4900 ներգաղթյալներ և փախստականներ են զոհվել կամ անհետ կորել տարեսկզբից Միջերկրական ծովում՝ Եվրոպայի ճանապարհին։ Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Կազմակերպության տվյալներով՝ հունվարի 1-ից Եվրոպա է ժամանել 386 495 ներգաղթյալ և փախստական, այդ թվում 358 156 մարդ՝ Միջերկրական ծովով։ Տեղահանվածների հիմական զանգվածն ընդունել են Հունաստանը (մոտ 176 հազար) և Իտալիան (մոտ 179 հազար)։ Ավելի քան 5400 մարդ ոտք է դրել Իսպանիայի ափ։
Դեկտեմբերի 13-19-ը Հունաստան է ժամանել 278 ներգաղթյալ և փախստական, Իտալիա՝ 2712։ Հունաստան են ժամանել հիմնականում սիրիացիները, աֆղաններն ու պակիստանցիները, Իտալիա՝ նիգերիացիները, էրիթրեացիները և գվինեացիները։
Տարեսկզբից 4901 մարդ է զոհվել կամ անհետ կորել Միջերկրական ծովում։ Զոհերի հիմնական մասը գրանցվել է Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա միգրացիոն երթուղու վրա (4404 մարդ)։ Թուրքիայից Հունաստան ճանապարհին զոհվել կամ անհետ կորել է 429 ներգաղթյալ, Հյուսիային Աֆրիկայից Իսպանիա ճանապարհին՝ 69 ներգաղթյալ։