Վրեժ և Ելենա. Երբ սերը սահմաններ չի ճանաչում


21:01 , 4 մարտ, 2013

Սերն ամենազոր է և կարող է հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն: Պետք է ուղղակի լսել սրտի ձայնին և հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հենց սերն է առաջնորդել Վրեժ Կիրակոսյանին և Ելենա Բելկինային` հաղթահարելու բոլոր դժվարություններն ու անանցանելի թվացող ճանապարհն անցնել սիրով: Սիրո տոներին առթիվ ներկայացնում ենք սիրո մի պատմություն, որը չափազանց հուզիչ է, սիրառատ և տպավորիչ:

 

 

«Я Ескиз любви! Я Набросок счастье!!! :)))))))». ֆեյսբուքյան իր էջում գրել է նկարիչ Վրեժ Կիրակոսյանը: Վրեժը նկարիչ է, օրվա զգալի մասը նկարում է, քանի որ շատ պատվերներ է ունենում: Որքան էլ զարմանալի է` կնոջը նկարել դեռ չի հասցրել: Անընդհատ մտածում է` դեռ կհասցնի:

Վրեժը համացանցի ակտիվ օգտատեր է, նա հաճախ է տեսանյութեր տեղադրում համացանցում, պատմում իր հիվանդությունների մասին և խնդրում օգնել վիրահատության համար: Հենց այդպես էլ հանդիպել է իր երկրորդ կեսին` ազգությամբ ռուս Ելենա Բելկինային:

 

 

Վերջինս որոշել է օգնել Վրեժին. 2011-ի վերջին օրը` դեկտեմբերի 31-ին, Ելենան զանգահարել է նրան, շնորհավորել տարեմուտի կապակցությամբ և տեղեկացրել, որ պատրաստվում է գումար փոխանցել նրան: Արդեն 2012-ին Վրեժի և Ելենայի վիրտուալ շփումն այնքան սերտ է լինում, որ ժամանակի ընթացքում ավելի է մտերմացնում նրանց: Քանի որ Ելենան երբևէ Հայաստանում չէր եղել, Վրեժը նրան առաջարկել է գալ Հայաստան, ծանոթանալ մեր տեսարժան վայրերին ու պարզապես հանգստանալ: Նրանք նախապես պայմանավորվել էին, որ եթե հանդիպումից հետո Ելենան որոշի, որ չի ուզում ամուսնանալ, Վրեժն այդ որոշմանն ըմբռնումով կվերաբերի: Այդպես էլ եղել է. տեսնելով Վրեժին, առավել մանրամասն ծանոթանալով նրա հաշմանդամությանը` Ելենային թվացել է, թե ի զուրու չէ հաղթահարել դժվարությունները: Հանգիստն այստեղ անցկացնելուց մեկ ամիս անց Ելենան վերադարձել է Ռուսաստան, սակայն վերադառնալուն պես հասկացել է, որ սիրտն այստեղ է. «Ես խանդի կամ այլ տեսարաններ չսարքեցի, ըմբռնումով վերաբերեցի: Երևի դա նրա վրա մեծ ազդեցություն թողեց, բացի դրանից` կորցնելուց հետո ես զգում` ինչ ես կորցրել: Երբ նա մեկնեց, երևի ավելի խորը զգաց այն հարազատությունը, որ մեզ կապում էր, կարոտը...»,- պատմեց Վրեժը: Արդեն աշնանը Ելենան կրկին եկավ Հայաստան` այս անգամ` ամուսնանալու հստակ նպատակով: Վրեժը նշեց, որ դժվարությունները հաղթահարել նրանց օգնում են նաև իր մայրն ու եղբայրը, ում հետ էլ զույգն ապրում է:

 

 

Վրեժն ու Ելենան երազում են բնության գրկում իրենց տունն ունենալու մասին, որտեղ կմեծացնեն իրենց ապագա երեխաներին, բացի դրանից` նաև կենդանիներ` շուն, կատու, ձի պահելու հնարավորություն կունենան, Ելենան էլ կկարողանա բակում ծաղիկներ աճեցնել :) Սակայն իրենց տունն ունենալու համար զույգը նախ պետք է աշխատի. հիմա նրանք փորձում են կազմակերպել Վրեժի նկարների աճուրդը, ինչպես նաև` ցուցահանդեսն արտերկրում:

 

 

Վրեժը երջանիկ լինելու իր բանաձևն ունի. «Սիրելու, զգալու, ապրելու ցանկությունն այնքան մեծ է, որ մոռանում ես հիվանդության մասին: Ոչ միայն իմ, այլև իմ խնդիրներն ունեցող այլ մարդկանց մեջ այդ ցանկությունն այնքան մեծ է, որ օգնում է հաղթահարել բոլոր դժվարություններն ու հավատալ»: