15:59 , 4 մարտ, 2013
Բրիտանական Լեստերի համալսարանի գիտնականները հետազոտել են ռեստորանում հնչող երաժշտության և հաճախորդների վարքի կապը: Երեք շաբաթվա ընթացքում «Softleys» ռեստորանի հաճախորդներին հյուրընկալել են ամեն անգամ տարբեր պայմաններում՝ լիակատար լռության, փոփ երաժշտության և դասական երաժշտության ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է membrana.ru-ն, այն օրերին, երբ ռեստորանում հնչել է դասական երաժշտություն, հաճախորդները ճաշել են առանց ավելորդ շտապողականության և միջինում ծախսել են մեկ անձը 24 ֆունտ ($40): Փոփ-երաժշտությունը այցելուներին ստիպել է արագ ճաշել եւ հեռանալ, արդյունքում մեկ անձի հաշիվը կազմել է ոչ ավել, քան 22 ֆունտ: Լիակատար լռության պայմաններում հաճախորդները ծախսել են միջինում 21.7 ֆունտ:
Լեստերի համալսարանի հոգեբանության դասախոս, դոկտոր Ադրիան Նորտը բացատրում է այս կապը. «Երբ մենք լսում ենք դասական երաժշտություն, մեզ մոտ ենթագիտակցորեն առաջանում է հարստության, ճոխության և բարձրաշխարհիկ կյանքի զգացողություն: Դա բարձրացնում է տրամադրությունը և ստիպում ծախսել փոքր-ինչ ավելի շատ: Հենց դասական երաժշտության ուղեկցությամբ են մարդիկ պատվիրել առավել թանկարժեք ուտեստներ»: