«Հող հանձնել-չհանձնելը» և այլ պաթետիկ միֆերը


00:59 , 18 դեկտեմբեր, 2016

Ապրիլից հետո էլ չխերվեցինք, ու քանի գնում է, ավելի խորն ենք մխրճվում ռազմահայրենասիրական պաթոսի ու ինքնախաբեության ճահիճը։ Ու եթե ամռանը հերոս-տեռորիստ ջրբաժանն էր իրար խառնվում, ապա հիմա էլ հող հանձնել-չհանձնելու թեման է պոպուլիստների ծամոնը դարձել։

Իսկ էս ամենը հնարավոր է, քանի որ մեզ մոտ անգամ սեփական նորագույն պատմությունն ազնվորեն չի մատուցվում, այլ էժանագին ռազմահայրենասիրական բրոշյուրի մակարդակի միֆերի վրա ենք արդեն 22 տարի։ Ապրիլին թեթևակի առաջընթաց եղավ այն մասով, որ մարդիկ անսպասելի բացահայտեցին, որ իրականում մենք պատերազմական դրության մեջ ենք։ Հիմա երևի պետք է հողեր հանձնել-չհանձնելու վրա աչք բացել։

Ինչ-որ բան հանձնելու համար նախ դու պետք է դա ունենաս։ Հողերը մենք ունենք դե ֆակտո, բայց չունենք դե յուրե։ Այսինքն՝ ազատագրված տարածքները ամրագրված չեն իրավական առումով և ճանաչված չեն միջազգային հարթակներով, բայց մերն են, քանի որ մեր զորքն է պահում։

Հիմա, օ՜ սարսափ, պատկերացնո՞ւմ եք, մենք պատերազմում չենք հաղթել։ Ընդամենը եղել է այն, որ մարտավարական առումով առավելություններ ունենալու փուլում կնքել ենք զինադադար։ Ու փոխանակ դա բացատրվեր ազգին, 22 տարի է՝ պաթոսախեղդ էին անում Բաքվում թեյախմությունների, սպարապետական կոչումների մոգոնումների, գեներալաբուծության և ճոռոմ ինքնակենսագրականների տեսքով։

Հիմա իրողությունը։ 1994 թվականին Ադրբեջանը շոշափելի կորուստներ էր ունեցել, բայց չէր կորցրել իր մարտունակությունը, էլ չխոսենք, որ կապիտուլյացիայից դեռ շատ հեռու էր։ Մյուս իրողությունն այն է, որ 1994 թվականի մայիսի դրությամբ Հայաստանն էլ հասել էր իր ուժերի գերլարման պիկին ու չէր կարողանում այդքան տարածքը եղած ուժերով հուսալիորեն պահել։ Վերոնշյալ երկու կետերի առհավատչյան նույն Հորադիզի ողբերգությունն էր, երբ հաշված օրերում ոչ թե 8 ք/կմ կորցվեց, այլ մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր, ու հարյուրավոր զոհեր ունեցանք։ Ընդհանրապես, ֆեյսբուքյան պոլեմիստներից շատերի համար գուցե բացահայտում լինի, բայց նախահրադադարային 6 ամիսներում մենք երևի ավելի շատ զոհ ենք տվել, քան 88-ից մինչև այդ փուլը։

Ամփոփում եմ․ 94-ից ի վեր գնում են դժվար բանակցություններ, ու օ՜, սարսափ պաթոսիստների համար․ բանակցությունները Ադրբեջանի ամբողջական կապիտուլյացիայի շուրջ չեն։ Էս ընթացքում 3 նախագահ ենք ունեցել, որոնցից մեկը փորձեց ռեալ քայլեր անել հողեր հանձնելու ուղղությամբ, ու նրան շատ արագ գահընկեց արեցին։ Մյուս երկուսը 20 տարի բանակցում են, ու չեմ կարող ասել, որ ամեն ինչ սքանչելի ընթացք է ունեցել բանակցություններում (օրինակ՝ Արցախը բանակցային գործընթացից հանելը), բայց կարող եմ ասել մի բան՝ բանակցությունների արդյունքում դեռ ոչ մի սանտիմետր հող չի հանձնվել։

Հ․Գ․ Իհարկե, կարելի է նաև գրողի ծոցն ուղարկել բոլոր շահագրգիռ կողմերին՝ Ադրբեջանին էլ, միջնորդներին էլ, 3-րդ երկրներին էլ, բայց օ՜ սարսափ․․․ նույն պաթոսիստները արդյո՞ք հաշիվ են տալիս նման արկածախնդրության հետևանքներին։ Կարծում եմ՝ ոչ։