ՍԴ դիմելով` Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն է ստանում մի փոքր ժամանակ շահել՝ խորհելու պայքարի հետագա քայլերի մասին


13:18 , 4 մարտ, 2013

Քաղաքական  մեկնաբան

Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց, որ այնուամենայնիվ դիմելու է Սահմանադրական դատարան` «պահանջելով վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը»:
Ընդհանուր առմամբ հասկանալու համար, թե ինչ փաստերի հիման վրա է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը դիմել Սահմանադրական դատարանը, պետք է դիտարկել ԸՕ-ով սահմանված կարգով մինչ այդ նրա կողմից ներկայացված խախտման փաստերը և դրանց ընթացքը: Վերահաշվարկի պահանջի հետ կապված եղել է 12 դիմում, որոնք վերաբերել են 9 ընտրատեղամասերի, որից 10-ը ներկայացվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց կողմից, մեկը՝ Սերժ Սարգսյանի վստահված անձի և մեկը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, ով նաև հատուկ կարծիք է ներկայացրել: Ի դեպ, որպես այդպիսին, հատուկ կարծիք ներկայացվել է միայն մեկ ընտրատեղամասում (հատուկ կարծիք կարող են ներկայացնել հանձնաժողովի բոլոր անդամները, թեկնածուների վստահված անձինք, դիտորդները): Այն ընտրատեղամասում, որտեղ հատուկ կարծիք է ներկայացվել, տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքները շատ չնչին ձևով են տարբերվել սկզբնական արդյունքից:
Ինչ վերաբերում է 11 դիմումներին, ապա դրանք մերժվել են, քանզի դրանց դիմումատուները տվյալ ընտրատեղամասի քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ ներկա չեն եղել գործընթացին և իրավասու չեն եղել նման դիմում ներկայացնել:
Վերահաշվարկի դիմումներից բացի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կողմից ներկայացվել է 70 դիմում, որոնք կապված են եղել տարբեր ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու հետ: Սակայն դրանք ներկայացվել են Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ:
Մեկ դիտարկում ևս. քվեարկության օրը մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ որոշ ընտրատեղամասերում վստահված անձանց չեն թույլատրել գրանցամատյանում նշումներ անել կամ հատուկ կարծիք ներկայացնել, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ընտրատեղամասերից կեսի նախագահներն ու քարտուղարները իշխանության ներկայացուցիչները չեն եղել (212 տեղամասի նախագահը կամ քարտուղարը եղել է «Ժառանգության» ներկայացուցիչ), ապա մի փոքր անհավանական է թվում, որ հանձնաժողովների ղեկավարներին էլ ինչ-որ մեկը կարող էր խոչընդոտել հատուկ կարծիք ներկայացնել իր մոտ գտնվող գրանցամատյանում:
Ի դեպ, երբ խոսվում է տարբեր ընտրատեղամասերում տեղ գտած խնդիրների, բացթողումների կամ լցոնման մասին, ապա բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Եթե նույնիսկ հանձնաժողովների մի մասում «Ժառանգությունը» վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ չի ունեցել, ապա այդ հանձնաժողովներում եղել են ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Եվ եթե ԺԿ-ն հայտարարում է, որ հիմնական խնդիրները հենց այդ հանձնաժողովներում են եղել, նշանակում է մեղադրանք` նաև վերոնշյալ կուսակցությունների նկատմամբ:
Նույնիսկ խնդրի ոչ խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավական տեսանկյունից, Սահմանադրական դատարան դիմելու համար, «Ժառանգությունը» առանձնապես ծանրակշիռ փաստեր չունի: Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ դիմել ՍԴ:
ՍԴ դիմելով` Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավորություն է ստանում մի փոքր ժամանակ շահել՝ խորհելու պայքարի հետագա քայլերի մասին: Երկրորդ՝ դա ևս մեկ հնարավորություն է՝ ժողովրդին հրապարակում պահելու համար: Եվ երրորդ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում դատարանների նկատմամբ առանձնապես վստահություն չկա, ապա ՍԴ-ի կողմից Ր. Հովհաննիսյանի շտաբի դիմումը մերժելը հնարավորություն կտա «նոր բան» ասելու, բողոքելու «երկրում արդարության բացակայությունից»: