09:52 , 4 մարտ, 2013
Չգիտեմ՝ ցավոք, թե ի ուրախություն ինձ, լքում եմ հայրենիքս: Հիմա և՛ ուրախ եմ, և՛ տխուր, ուրախ եմ, քանի որ դրա համար ունեմ անձնական պատճառներ, տխուր եմ, որովհետև այստեղ եմ թողնում հարազատներիս, ընկերներիս, ուսումս, հայրենիքս ու վերջապես սիրածս տղային:
Մենք ընտանիքով տեղափոխվում ենք Ռուսաստան, բայց վերջնական որոշումը իմն է եղել, ու ես եմ որոշել գնալ, չգիտեմ՝ միգուցե մի օր փոշմանեմ, բայց դժվար թե: Գուցե շատերը կմեղադրեն մեզ, որ գնում ենք, մանավանդ որ այստեղ բավականին բարելավ կյանքով էինք ապրում, բայց ախր նրանք չգիտեն մեկնելու պատճառները, ու թերևս նրանց կարծիքը հիմա ինձ ընդհանրապես չի հուզում: Հիմա ինձ մենակ մեկի կարծիքն է հուզում, ու դա Դու ես, հա հենց Դու... Դու գիտես, թե ինչու եմ գնում ու հասկացել ես ինձ....
Արդեն երկու ամիս է, ինչ մտածում եմ, ախր ամեն ինչ լավ էր, ինչի՞ այսպես ստացվեց, ինչի՞ մենք, ինչի՞ հենց ես: Բայց դե ինչ արած, իմ ճակատագիրն է, ու ես չունեմ ռետին, որ այն ջնջեմ ու իմ ուզածը գրեմ:
Շնորհակալ եմ քեզ, որ կաս, որ ճանաչել եմ քեզ, շնորհակալ եմ, որ հիմա էլ իմ հետ ես, չնայած կարող էիր չլինել, որ հիմա էլ ասում ես «կյանքս», ասում ես, որ սիրում ես ինձ:
Սիրում եմ քեզ շատ, շատ, շատ, այնքան շատ, որ այդ սերը ինձ ուժ է տալիս, որ ապրեմ, որ մեկ-մեկ ժպտամ, չնայած դրա համար առանձնապես պատճառ չկա:
Հիշո՞ւմ ես, միշտ հարցնում էիր.
-Դու իմ ի՞նչն ես:
-Հրաշքը:
-Բա ես քո՞:
-Գժուկը....
Միշտ մնալու ես իմ գժուկը. աշխարհի ամենալավ գժուկը...իմ *****.....
Լավ մնա ու երջանիկ եղիր, դու արժանի ես դրան:
P.S.Մենք ծանոթացանք ֆուտբոլի շնորհիվ ու մեզ միավորեց «Ռեալ Մադրիդը», շնորհակալ եմ «Ռեալին», որ քեզ ճանաչել եմ: Մի քանի օր առաջ ասացի, որ միշտ կհիշեմ քեզ, երբեք չեմ մոռանա, եթե առիթ էլ չլինի հիշելու, ամեն անգամ «Ռեալի» խաղերը նայելիս քեզ կհիշեմ, իսկ դու ասացիր, թե եթե դու ինձ 3-4 օրը մեկ կհիշես, երբ «Ռեալի» խաղերը նայես, ես քեզ ամեն օր կհիշեմ, երբ բանան ուտեմ (երկուսս էլ բանան շատ ենք սիրում):