Եթե շնաձկները մարդ դառնային…


09:35 , 4 մարտ, 2013

ՊԱՐՈՆ ԿՈՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԳՐԱԾ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻՑ

Եթե շնաձկները մարդ դառնային…

-Եթե շնաձկները մարդ դառնային, ավելի բարի՞ կլինեին փոքրիկ ձկնիկների հանդեպ,- հարցրեց պարոն Կոյներին տանտիրուհու փոքրիկ աղջիկը:

-Անշուշտ,- պատասխանեց նա,- եթե շնաձկները մարդ դառնան, նրանք ծովում փոքրիկ ձկնիկների համար հսկայական բուծարաններ կպատրաստեն, ուր ինչքան կուզես բուսական ու կենդանական կեր կլինի: Նրանք կհոգան, որպեսզի բուծարաններում թարմ ջուր լինի, և ընդհանրապես կանցկացնեն բոլոր անհրաժեշտ սանիտարական միջոցառումները: Եթե, օրինակ, որևէ ձկնիկ լողանը վնասի, իսկույն նրա վերքը կկապեն, թե չէ մեկ էլ տեսար ժամանակից շուտ մեռավ ու խույս տվեց շնաձկներից: Իսկ որպեսզի ձկնիկները անձնատուր չլինեն մռայլ մտքերի, ժամանակ առ ժամանակ ջրային վիթխարի տոնախմբություններ կկազմակերպվեն. քանզի կենսախինդ ձկների համն ավելի հաճելի է քիմքին, քան մելանխոլիկներինը:

Մեծ բուծարաններում, իհարկե, նաև դպրոցներ կհիմնեն: Այդ դպրոցներում շնաձկները փոքրիկ ձկնիկներին կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ լողալ դեպի շնաձկան երախը: Աշխարհագրությունը, օրինակ, պետք կգա հեշտությամբ գտնելու այն վայրերը, ուր գրգանք են վայելում մեծ-մեծ շնաձկները, բայց, անշուշտ, գլխավորը կլինի ձկնիկների բարոյական դաստիարակությունը: Նրանց կուսուցանեն, որ փոքրիկ ձկան համար չկա ավելի մեծասքանչ ու գեղեցիկ բան, քան ցնծությամբ իրեն զոհաբերելը, որ փոքրիկ ձկնիկը պետք է հավատա շնաձկներին, հատկապես երբ սրանք ասում են, թե հոգ են տանում պայծառ ապագայի մասին: Փոքրիկ ձկնիկներին ներշնչում են, որ այդ ապագան նրանց համար կապահովվի միայն այն դեպքում, եթե նրանք սովորեն հնազանդության: Փոքրիկ ձկնիկներն առանձնապես պետք է զգուշանան ամեն տեսակ ստոր, մատերիալիստական, եսամոլական ու մարքսիստական ազդեցություններից: Եթե նրանցից մեկն ու մեկը հանդես բերի նման ազատամտություն, մյուսները պետք է անմիջապես այդ բանը հայտնեն շնաձկներին:

Եթե շնաձկները մարդ դառնան, կսկսեն, իհարկե, պատերազմել իրար դեմ, որպեսզի զավթեն ուրիշի ձկնաբուծարանները և ուրիշի ձկնիկները: Կռվել կստիպեն իրենց սեփական ձկնիկներին: Նրանք իրենց ձկնիկներին կներշնչեն, որ հսկայական տարբերություն կա մյուս շնաձկների ձկնիկների ու նրանց միջև: Նրանք կհայտարարեն, որ, չնայած, ինչպես հայտնի է, բոլոր ձկները համր են, բայց լռում են տարբեր լեզուներով, դրա համար էլ իրար հասկանալ չեն կարող: Ամեն ձկնիկ, որը պատերազմի ժամանակ կսպանի թշնամու մի քանի ձկնիկ, ծովախոտի շքանշան կստանա ու հերոսի կոչում:

Եթե շնաձկները մարդ դառնան, կստեղծեն, անշուշտ, իրենց արվեստը: Երևան կգան նկարներ, որոնցում շնաձկների ատամները կնկարեն սքանչելի գույներով, իսկ երախները,- ոչ այս, ոչ այն,- իբրև ուրախության զբոսայգիներ, ուր կարելի է հիանալի վազվզել: Ծովի հատակի թատրոնները ցույց կտան, թե հերոսական ձկներն ինչպես են խանդավառությամբ լողում դեպի շնաձկան երախը. նվագախումբը հիանալի կնվագի, և նրա հնչյունների տակ ձկնիկները, նվագախմբի առաջնորդությամբ օրորվելով ամենահաճելի մտքերի մեջ, ինքնամոռաց կընթանան դեպի շնաձկան երախը:

Անշուշտ, կառաջանա նաև կրոն, եթե շնաձկները մարդ դառնան: Այդ կրոնը կսովորեցնի, թե ձկնիկների իսկական կյանքն սկսվում է շնաձկների որովայնում: Դե, իսկ այն հավասարությունը, որ այժմ գոյություն ունի ձկնիկների միջև, կչքանա, եթե շնաձկները մարդ դառնան: Ձկնիկներից ոմանք աստիճաններ կստանան ու կկանգնեն մյուսների գլխին: Եվ նրանք, որ փոքր-ինչ ավելի խոշոր են, նույնիսկ իրավունք կստանան ուտելու մանր-մունր ձկներին: Այդ բանը միայն հաճելի կլինի շնաձկների համար, որովհետև այն ժամանակ նրանց ավելի հաճախ մեծ-մեծ պատառներ բաժին կհասնեն: Խոշոր, աստիճան ունեցող ձկները հոգ կտանեն, որ մնացածների միջև կարգ ու կանոն լինի: Նրանք կլինեն ուսուցիչներ, սպաներ, ճարտարապետներ բուծարանների կառուցման ուղղությամբ և այլն: Կարճ ասած, իսկական կուլտուրան այն ժամանակ երևան կգա ծովում, երբ շնաձկները մարդ դառնան:

Բերտոլտ Բրեխտ