Մոուրինյոն, չխաղացնելով Մխիթարյանին, նրան ստիպեց վերագնահատել իր անցած ճանապարհը


11:54 , 14 դեկտեմբեր, 2016
Картинки по запросу մխիթարյան մանչեստրՄոուրինյոի ֆանատներից չեմ, սակայն, ճիշտ է, ֆուտբոլիստ չի եղել, բայց ֆուտբոլի լավ գիտակ է, նպատակասլաց, կամային հատկանիշներով օժտված, հիանալի կազմակերպիչ ու… չզարմանաք, չծիծաղեք՝ լավ հոգեբան…
Քննադատում եք նրան, սակայն եթե նա այսքան տարիներ ֆուտբոլում է, հասել է զգալի հաջողությունների, մշտապես գնահատվել, դա արդեն ինչ-որ բան ասում է:
Ինչևէ, Աստված իր հետ, հիմա մեր Հենրիխ Մխիթարյանի մասին… Եթե նա Հենոյին չգնահատեր, Մանչեսթեր Յունայթեդը չէր գնի նրան ու այդքան բարձր գին չէր տա: Իսկ Հենրիխին երկար ժամանակ չխաղացնելը, «անտեսելը», իմ կարծիքով, հոգեբանական, տակտիկական, մարզչական խորամանկ քայլ էր, որն ամեն դեպքում խոսում է մարզչի տաղանդի մասին…
Մոուրինյոն, չխաղացնելով Մխիթարյանին, նրան ստիպեց կենտրոնանալ, վերագնահատել իր անցած ճանապարհը, սառել գնահատվածի, լավագույնի, աստղային հիվանդության գործոններից, և ամենակարևորը՝ կատաղել, բարկանալ, հոգեպես պատրաստ լինել անել ամեն ինչ ցույց տալու, որ ինքը տաղանդավոր է, չի զիջում այդ թիմի հնաբնակ աստղերին, որ ինքն էլ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և դա ապացուցել բոլորին…
Եվ իրոք, այդ հաջողվեց Ժոզե Մոուրինյոյին, բնականաբար, նաև մեր Հենրիխին ու ժայթքեց նրա մեջ կուտակված զայրութը, էներգիան, իր խաղը ցուցադրելու անհագ ցանկությունը…
Հ.Գ. Հարգարժան մարզական լրագրողներ, մեկնաբաններ, ֆուտբոլի ակադեմիկ-դոկտորներ ձեր խորագիտակ, հանրագիտական մեկնաբանություններով չհարձակվեք: Ես դույզն իսկ չեմ հավակնում խցկվել ձեր հարազատ բնագավառ: Դա ուղղակի իմ՝ սովորական քաղաքացու համեստ տեսակետն է…
Լինչի դատաստանի կարիք չկա…