ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների այսօրվա բոյկոտի մասին


00:55 , 14 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу Ռուբիկ ՀակոբյանԱԺ-ում հավատարմագրված լրագրողների այսօրվա բոյկոտի մասին

Լրագրողական համայնքի այսօրվա միասնականությունն ու կազմակերպված բոյկոտն ինձ համար լուրջ և հաջողված նախաձեռնություն էր։ Դա էր պատճառը, որ չդիմացա ու այդ պահին գրեցի դրա մասին։ Միասնականությունը միշտ էլ հաջողության գրավականներից է եղել։ Լրագրող ընկերներս լավ գիտեն, թե որքան եմ կարևորում մեդիան ու կայացած և օբյեկտիվ, ինչպես նաև պրոֆեսիոնալ չորրորդ իշխանությունը։ Այն հանգամանքը, որ այդքան լրագրող միասնաբար դիմեց բոյկոտի քայլին ճշմարտացիության զուտ դասական գնահատմամբ ենթակա չէ կասկածի։ Այսինքն, եթե միասնությամբ որոշվեց ու մի քանի տասնյակ լրագրող միացավ դրան, նշանակում է՝ իրենք ճիշտ են ու վերջ։ Բայց, անկախ դրանից, բոլորն ազատ են իրենց կարծիքն ունենալ ու ազատ արտահայտել, ինչն էլ հիմա ես կանեմ։ Հրապարակյան գործընկերներին էլ հորդորում եմ կարծիքիս հանդեպ, որը կարող է տարբերվել, լինել հանդուրժող։ Հիշենք, որ կարծիքը ճիշտ կամ սխալ չի լինում։
Այսպես՝ ես հատուկ որոշեցի մասնակցել այդ ասուլիսին այն հույսով, որ լրագրողներն իրենց հարցերով կկարողանային բացահայտել եղելությունը ու կստիպեին պարոն Հակոբյանին ընդունել, որ չէր կարելի դիմել բռնության։ Իհարկե, գիտեի նաև հենց սկզբից, որ բոյկոտը հնարավոր սցենար էր, բայց համարում էի, որ սխալ սցենար է։ Երբ արդեն ներսում պարոն Հակոբյանին հարցրեցի, թե ինչ եք մտածում բոյկոտի մասին, վերջինս հայտնեց, որ ճշմարտությունը բացահայտելուց խուսափելու փորձ էր։ Այդ մասին հետո Հակոբյանը նաև գրեց իր ֆեյսբուքյան էջում։
Ինչու եմ կարծում, որ բոյկոտը սխալ էր. հանրությունն, իհարկե, ներքին խոհանոցներին ծանոթ չէ, չգիտի, թե ովքեր էին կանգնած բոյկոտի «առաջնագծում», բայց ես հո լավ գիտեմ բոլորին ու շատ ավելին :) Որքան էլ Ռուբիկ Հակոբյանը փաստացի սխալ լիներ իր պնդման մեջ, թե բոյկոտը կազմակերպվեց ճշմարտությունը չբացահայտվելու նպատակով, որքան էլ ես համաձայն չլինեմ դրան, այնուամենայնիվ բոյկոտի «առաջնագծի» ընկերների անձերը, ցավոք, օբյեկտիվ առիթ են տալիս նաև այդպես կարծելու։ Եվ ուրեմն՝ իմ կարծիքով, պետք էր մասնակցել ասուլիսին ու հարցերով «մերկացնել» բռնություն գործադրողին։ Կարծում եմ, որ այդ կերպ ավելի ուժեղ նյութեր կհրապարակվեր, քան այն, որ պարզապես բոյկոտեցին ու վերջ։ Հիշեցնում եմ, սա սոսկ իմ կարծիքն է, որի հետ բոլորն իրավունք ունեն չհամաձայնել։