Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2016թ-ին աճել է 20%-ով. Բագրատ Ենգրբարյան


15:08 , 12 դեկտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

2016 թվականի ՏՏ ոլորտի շրջանառությունը կկազմի ավելի քան 500 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 20%-ով: Այս մասին այսօր ամփոփելով 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքներն՝ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի աննախադեպ թվով նոր ընկերություններ են ստեղծվել: Ընդհանուր առմամբ՝ ՏՏ ոլորտում կա 540 ընկերություն, որոնցում աշխատում է  16 հազար մասնագետ:

Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, իսկ այժմ նաև ինժեներական ոլորտի խոշոր ծրագրերը մշակվում և իրականացվում են  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թ-ին՝ Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում և հանդիսանում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

«ՁԻՀ-ը ձևավորված առաջին տեխնոլոգիական ինկուբատորն է մեր երկրում, որը դարձավ ՏՏ ոլորտի զարգացման մոդել ոչ միայն Հայաստանում, այլ կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: Այս մոդելը ապացուցեց, որ ինքնածախսածածկվող է, ավելին՝ ծախսերի 65%-ը իրականացվում է ոչ պետական միջոցներից: Ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում նմանատիպ ցուցանիշը համարվում է շատ մեծ հաջողություն»,-նշեց Բագրատ Ենգիբարյանը: 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն առաջինն էր, որ նախաձեռնեց ՏՏ ոլորտի լայնամասշտաբ կրթական ծրագրեր՝ ինչպես կարճաժամկետ դասընթացների, այնպես էլ բուհերի հետ երկարաժամկետ համագործակցության ծրագրերի ձևաչափով: Ոլորտի մասնագետների ավելի քանի 50%-ը պատրաստվել և պատրաստվում են ՁԻՀ-ի կողմից, իսկ կրթական ծրագրերի շահառուների քանակը գերազանցում է 20.000-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ