21:30 , 11 դեկտեմբեր, 2016
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ռուսական այցի արդյունքներով Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման շուրջ։
Այդ մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիա-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեջաի Բերբերը։
Նրա խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունն ի սկզբանե եղել է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի խնդիրը.
«Անկասկած է, որ այդ խնդրի լուծումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանն ու նրա քաղաքացիների բարեկեցության մեծացմանը։ Թուրքիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, ինչպիսին որ Թուրքիայի ու Վրաստանի հարաբերություններն են։
Սակայն Երևանի ու Անկարայի լավ հարաբերությունների ուղին անցնում է Ղարաբաղով»։ Բերբերը հավելել է, որ Յըլդըրըմի այցի ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի և մասնավորապես միջխորհրդարանական բարեկամության եռակողմ խմբի ստեղծման մանրամասները։