14:02 , 10 դեկտեմբեր, 2016Aysor.am-ը գրում է.
Ինն ամիս անց ապրիլյան պատերազմը Թալիշում դեռ հիշեցնել է տալիս:
Այստեղ առաջինը մեզ դիմավորում է Կյաժը՝ Թալիշը հսկող շունը, որը սկզբում հոտոտում, հետո նոր «թույլ է տալիս» առաջ անցնել:
Թալիշի առաջին տունը ծաղիկներով «տունն է». այստեղ միայն ծաղիկներն են կանգուն մնացել:
Ծաղիկներով տնից հետո դեռ ապրիլից ձմռանը պատրաստվող թալիշցիների տունն է. այս տնից մնացել է միայն ձմռան համար հավաքած փայտն ու ճաշի համար նախատեսված կարմիր պղպեղը:
Հետո խանութի մոտով ենք անցնում. միայն պարտքացուցակն է հիշեցնել տալիս, որ այստեղ ժամանակին խանութ է եղել:
Մի-փոքր առաջ անցնելով՝ մեզ մեկ այլ խանութ է դիմավորում: Խանութի սեփականատերը Արթուրն է, ում խանութից այս պահին միայն զինվորներն են առևտուր անում:
«Էս խանութով ուզում եմ գոնե մի երկու կոպեկ փող աշխատեմ, իմ ընտանիքը պահեմ: Ընտանիքս Ասկերանում է այս պահին, ես էլ էստեղ գիշեր-ցերեկ աշխատում եմ, որ մի բան կարողանամ անել», - ասում է նա:
Արթուրին ու մեր զրույցին խանգարում են շինարարները. մի-փոքր այն կողմ նրանք արդեն սկսել են իրենց աշխատանքները՝ կամաց-կամաց հին տեսքին բերելով Թալիշը:
«Արդեն սկսվել է դպրոցական նոր շենքի վերակառուցման աշխատանքները, որը համարվում է նախկին հիվանդանոցային շենքը: Այն շենքը, որը նախկինում ծառայում էր որպես դպրոց, թշնամու կողմից ուղիղ տեսանելիության տակ է ու այդ դպրոցի վերակառուցման աշխատանքները դադարեցվել են», - ասում է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:
Կառուցվում է նաև գյուղապետարանի նոր շենքը, կվերականգնվի հանդիսությունների սրահը, ծրագրում կա նաև մանկապարտեզի շենքի կառուցումը:
Այս պահին Թալիշում 12 բնակիչ է ապրում՝ բոլորն էլ տղամարդիկ:
«Նրանք այն անձինք են, ովքեր մշտական աշխատանք չունեն: Պայմանավորվելով ու Բակո Սահակյանի առաջարկով՝ մենք այդ բնակիչներին տեղափոխել ենք գյուղ: Այսօր գյուղում ընտանիք, որպես այդպիսին, չունենք, ունենք ուղղակի ընտանիքի տղամարդիկ», - ասում է Թալիշի գյուղապետը:
Գյուղապետը նշում է՝ վերաբնակեցման ծրագրին կանդրադառնան արդեն ձմեռային ցրտերից հետո:
«Կկատարվեն անհատական բնակարանային ֆոնդի վերակառուցման ու հիմքից կառուցման շենքերի աշխատանքները: Գյուղում նոր նախագիծ կա՝ նոր թաղամասերի կառուցում, նոր ճանապարհներ և այլն: Չենք անդրադառնա միայն այն թաղամասին, որը թշնամու կողմից նշանառության տակ է», - ասում է նա:
Վիլեն Խաչատրյանը պատմում է, որ պատերազմի օրերին Չարենցավան տեղափոխված 7 հոգանոց ընտանիքն արդեն վերադարձել է Ալաշան, որտեղ հաստատվել են թալիշցիները:
«Արարատից մոտ օրերս երկու հոգանոց ընտանիք կտեղափոխվի ու այս գործընթացը շարունակական է լինելու: Ընդհանրապես, թալիշցիներին համոզել պետք չի, որ վերադառնան: Այն թալիշցին, որը ցանկություն է հայտնում վերադառնալու, մենք նրա համար կստեղծենք նորմալ ու նպաստավոր պայմաններ», - վստահեցնում է նա:
Գյուղապետ Վիլեն Խաչատրյանի հետ հարցազրույցի ամբողջ ընթացքում հակառակորդը կրակոցներ էր արձակում: Գյուղապետը շեշտում է՝ այդ կրակոցները իրենց համար շատ սովորական երևույթ են:
«Սա միշտ էլ եղել է, բայց մեր բնակչությունը, չեմ կարծում, որ կրակոցներով տխրել է կամ այն օրը, որ կրակոցներ չի եղել՝ ուրախացել է», - ասում է Վիլեն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ այս պահին առաջնահերթը Թալիշը նորից Թալիշ դարձնելն է: