Անկարայում նախազգուշացրել են ԴԱԻՇ-ի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների մասին


19:42 , 9 դեկտեմբեր, 2016

Անկարայի անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է հնարավոր ահաբեկչության մասին, որը նախապատրաստում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները մայրաքաղաքի մարդաշատ վայրերում։ Այս մասին հաղորդում է Cumhuriyet թերթը՝ վկայակոչելով գերատեսչության տրամադրության տակ գտնվող գաղտնի փաստաթուղթը։

Տեղեկատվության համաձայն՝ գրոհայինները կարող են ահաբեկչություն կազմակերպել առաջիկա երեք օրերին՝ օրվա առաջին կեսին։ Ահաբեկչության հավանական վայրերը Անկարայի կենտրոնական փողոցներն են, որտեղ տեղակայված են առևտրի կենտրոններ, ԱՄՆ դեսպանատունը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հարձակման թիրախ կարող են դառնալ ՄԱԿ-ի և տարբեր դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները։

Նշվում է, որ ահաբեկչություններն իրականացնելու համար գրոհայինները կարող են օգտագործել Renault, Ford, Hyundai կամ Fiat մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա։