«Ապրիլը» մեզ պետք է պարտադրի, որ բանակում «ցուցադրական» պոստեր ու զորամասեր մենք այլևս չպետք է ունենանք


18:14 , 8 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу ալեն ղևոնդյանԱպրիլյան ռազմական սրացումները մի տեսակ քննություն էր: Անցանք մենք այն, թե ոչ, երկար քննարկման հարց է: Չգիտեմ մենք, բայց որ դիրքապահ տղերքը ու նրանց սպաները պատվով իրենց առջև դրած բոլոր խնդիրները լուծեցին, դեռ մի բան էլ ավելին, դա փաստ է: Լուծեցին եղած ներուժի, հնարավորությունների ու ցավալի է, սակայն իրենց կյանքի հաշվին:

Ամենատարբեր պարբերականությամբ ԶԼՄ-ները հաղորդում են, թե պատկան մարմինները գնում են շփման գծին հարակից տարբեր զորամասեր, դիրքեր, այնտեղ հանդիպումներ են ունենում սպաների, զինվորների հետ, ճաշում են նրանց հետ, հարց ու փորձ անում ծառայության առօրյայից, ծանոթանում են զորամասում ծառայության պայմաններին, զինտեխնիկային, հակառակորդի հետ դիրքային հարաբերակցության բնույթին: Այս ամենն ուղեկցվում է տարբեր լուսանկարներով: Սա իրականում շատ կարևոր է տեղում իրավիճակը գնահատելու ու տեղի պատասխանատուների հաշվետու զեկուցումներին ծանոթանալու առումով: Մյուս կողմից՝ կարևոր է նաև այն առումով, որ հնարավորություն է երկրի, ոլորտի ղեկավարությանը տեղյակ պահելու, ցույց տալու առկա իրավիճակը, խնդիրների լուծման օպերատիվ անհրաժեշտությունը, նրանց հետ նոր խնդիրների մասին խոսելու տեսանկյունից:

Այսօր մեր զորամասային ու դիրքային համալրվածությունը բավական տարբեր է: Մի տեղ՝ առավել լավ է, մյուս տեղում՝ պակաս: Հարկ է, սակայն, նշել, որ խոսքը դիրքային ծառայության համար անհրաժեշտ մինիմում պայմանների մասին չէ, այլ առավել կամ պակաս հագեցված լինելու մասին: Մյուս կողմից՝ փաստենք, որ տեխնիկապես ու օբյեկտիվ մի շարք այլ պատճառներից ելնելով էլ հնարավոր չէ առկա բոլոր զորամասերը կամ, որ առավել կարևոր է, դիրքերում նույն մակարդակի հագեցվածություն ապահովել: Սակայն մի շարք բաղադրիչների մասով, իհարկե, հնարավոր է տեսանելի փոփոխություններ իրականացնել:

ԶԼՄ-ներից (ու ոչ միայն) նյութերից այնպիսի «տպավորություն» է ստեղծվում, որ ավելի հաճախ պատկան մարմիններն ու ոլորտի պատասխանատուները ուղեկցում են հենց առավել հագեցած զորամասեր, դիրքեր: Այս իրավիճակում հարց է առաջանում, թե առավել համալրված դիրք կամ զորամաս գնալու նպատակը որն է... Ղեկավարությանը ցույց տալ, որ ամեն բան շատ լավ է ու տեղերում կառավարումն արդյունավե՞տ է: Այսինքն՝ տեղերի պատասխանատուներն առնվազն կարծում են, թե այդ կերպ հնարավոր է տպավորություն ստեղծել, որ առաջադրված խնդիրները լիովին լուծված են՝ մոռանալով, որ իրենց աշխատանքի լավագույն տարբերակված գնահատականը երևաց ապրիլյան դեպքերի ժամանակ նրանց պատրաստվածության աստիճանով: Հետևաբար «ցուցադրական» զորամասերով ու դիրքերով, եթե նախկինում միգուցե հնարավոր էր տպավորություն ստեղծել, ապա այսօր հավանաբար առավել դժվար կլինի օբյեկտիվ գնահատական փոփոխել...

Պետք է վերջապես կոտրել այն կարծրատիպը, որ պարտադիր զինծառայությունը պետք է անպայման ծանր լինի, այդ թվում՝ կենցաղային կարիքների ապահովման տեսանկյունից: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ կենցաղային պայմանների թեթևացումը դրական կանդրադառնա բուն ծառայության գործընթացի արդյունավետության բարձրացման ու զինծառայողների մարտունակության բարձրացման վրա ու այսօր ՊՆ-ի ոլորտում նախաձեռնված բարեփոխումները դրա վառ ապացույցն են՝ սկսած զինվորների կոշիկների փոփոխման ուղղությամբ տարվող աշխատանքերից, վերջացրած առաջին գծի որոշ դիրքերում համալրումների ու վերանորոգումների գործողություններից: