17:52 , 8 դեկտեմբեր, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ Նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂՀ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Այնուհետև ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:
Պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների նախագահներին է ներկայացրել վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր:


