Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է հարավարևելյան սահմանագոտի, այնուհետև Արցախ (լուսանկարներ)
16:06 , 8 դեկտեմբեր, 2016 ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան զորամասերից մեկը:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, որից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել նրանց հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:
Հանրապետության Նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: