Լրագրողին տարել է «աչքից հեռու տարածք» ու խփել աչքին. Ռուբիկ Հակոբյանը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը


16:38 , 7 դեկտեմբեր, 2016

Լրագրողին տարել է «աչքից հեռու տարածք» ու խփել աչքին. Ռուբիկ Հակոբյանը հրաժարվում է մեկնաբանել միջադեպըAysor.am-ը գրում է.

Այսօր խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և Hraparak.am կայքի լրագրող Վահե Մակարյանի միջև. պատգամավորը նախ հայհոյել, ապա՝ հարվածել է լրագրողին:

Վահե Մակարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուբիկ Հակոբյանին դուր չի եկել իր՝ Դաշնակցության գաղափարախոսության մասին հարցը, ինչին նա ագրեսիվ տոնով է պատասխանել:

«Դրանից հետո բանավեճ ծագեց,նա ինձ կանչեց «ռազբիրատի», ես չգնացի, ընկերներս հորդորեցին մնալ, բայց ինքը նորից պնդեց: Մի փոքր այն կողմ գնաց, հետո հետ վերադարձավ, նորից կանչեց, բայց համոզեց, որ ուղղակի զրուցում ենք, ասաց «արի գնանք՝ տեսնենք ով ում ինչ ա բացատրում», - նշեց լրագրողը:

Վահե Մակարյանը պատմեց, որ ԱԺ աստիճաններով իջել են ներքև, «աչքից ավելի հեռու տարածք», որտեղ պատգամավորը միանգամից հայհոյել է ու խփել իր աչքին:

Ի՞նչ հարց է տվել նա, որ հունից հանել է պատգամավորին, Վահեն նշեց. «Իմ հարցն իրեն հունից չի հանել, որովհետև ես հունից հանող հարց չեմ տվել, հարցիս ձայնագրությունը կա, չեմ կարծում, թե այդ հարցով ինչ-որ մեկը հունից դուրս կգար: Նա խոսում էր Դաշնակցությունից հեռանալուց, դաշնակցական գաղափարախոսությունից, որն ինքը կրում է իր մեջ, ես էլ խնդրեցի, ասացի՝ պարոն Հակոբյան, կասե՞ք մեկ բառով, որն է Դաշնակցության գաղափարախոսությունը, ինքը ասաց, որ «մեկ է, չես գիտակցի, ես ինչքան էլ բացատրեմ, պետք է գնաս գրքեր կարդաս, գնա կարդա, որ հասկանաս»»:

Լրագրողը նշեց, որ պատգամավորն իրեն խփելուց ու հայհոյելուց հետ ասել է՝ «հլը ես քեզ էլի կտեսնեմ, դու սրանով չպրծար» :

Հարցին՝ եթե պատգամավորը ներողություն խնդրի՝ կների՞, Վահե Մակարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ներել կարելի է ավելի  բարձր արժանապատվություն, արժեքներ, գաղափարախոսություն ու, ընդհանրապես, դաստիարակություն ունեցող մարդկանց, նման մարդու ներելը կամ չներելը ինձ համար անպատվաբեր բան կլինի»:

Asyor.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ նաև պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից, մինչդեռ վերջինս հրաժարվեց պատասխանել միջադեպի մասին հարցերին:

«Մեկնաբանեք ոնց ուզում եք։ Ես զբաղված եմ», - հայտարարեց նա: