Վա՞տ է, թե՞ չգիտեք, որ մեր՝ ճահիճն ընկղմվելը պայմանավորված է անարդար ընտրություններով


11:05 , 6 դեկտեմբեր, 2016
Այ քեզ բա՜ն: Ոմանք վիրավորված են, որ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և Ատոմ Էգոյանը ցանկանում են խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ նախաձեռնելով «Արդարություն հանուն Հայաստան»-ի ստորագրահավաքը: Մտադրությունն ազնիվ է՝ որպես դիտորդ ներկա գտնվել գալիք խորհրդարանի ընտրությանը՝ այդ կերպ կանխելով զեղծումները: Թանկյանը հստակ ասում է. «Մենք միշտ ֆինանսապես օգնել ենք Հայաստանին, բայց ցավալին այն է, որ մեզ թույլ չեն տվել խառնվել հայաստանյան կյանքին առնչվող հարցերին»: Վա՞տ է: Թե՞ չգիտեք, որ մեր՝ ճահիճն ընկղմվելը պայմանավորված է ԱՆԱՐԴԱՐ ընտրություններով, որ այդ կռվում ուժերն անհավասար են: Մեկն ասում է՝ Արսինեին հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանները հրմշտել են, մուռն է հանում: Մյուսը՝ իրենց փիառն են ապահովում: Երրորդը նույնիսկ հինգ հազար դրամ վերցնողին է արդարացնում՝գերադասելով հայաստանցուն օգնել կամեցողից…
Մերժում եք պարզված ձեռքը, առաջին իսկ օրից փակում դարպասները: Վաղը ցույց էլ կկազմակերպեք, կգնաք օդանավակայան էլ՝ կանխելու ձեր հայրենակցի էջքը: Գուցե մահակներով էլ զինվեք, սնայպերներ կանգնեցնեք ճամփեքին, ինչպես եղավ ԲԵՐՁՈՐՈՒՄ… Այն ժամանակ Շարմազանովի մակարդակով արդարանում էին՝ ի՞նչ գործ ունեն Արցախի հետ, անկախ պետություն է…