Հարավային Կորեան ռեկորդային գումար կտրամադրի պաշտպանության համար


12:24 , 5 դեկտեմբեր, 2016

Հարավային Կորեան մեծացրել է 2017թ․ պաշտապանական ծախսերը, որպեսզի կարողանա դիմակայել Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքին։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությանը։

Երկրի իշխանությունները պաշտպանության համար հատկացրել են շուրջ 34 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2016թ․ համեմատ պաշտպանական ծախսերն աճել են 4 տոկոսով։ Նշվում է, որ 24,2 միլիարդ դոլար կհատկացվի օպերացիոն ծախսերի համար, իսկ 10,4 միլիարդ դոլար կուղղվի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Հարավային Կորեայի կողմից պաշտպանության համար տրամադրվող գումարի չափը ռեկորդային է և կազմում է երկրի բյուջեի 10 տոկոսը։