Թուրք պատգամավորներին չեն թույլատրել հանդիպել կուսակցության կալանավորված համանախագահի հետ


13:10 , 5 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների Փերվին Բուլդանին և Միթհաթ Սանջարին թույլ չեն տվել հանդիպել կուսակցության կալանավորված համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Պատգամավորներին թույլատրել են հանդիպել Քանդըրայի բանտում պահվող պատգամավորներ Իդրիս Բալուքենին և Ֆերհաթ Էնջուի հետ, սակայն Յուքսեքդաղի և Գյուլսեր Յըլդըրըմի հետ հանդիպումն արգելվել է: Որպես հիմնավորում բերվել է այն փաստը, որ «վարչապետի գրասենյակից թույլտվության թուղթ չի եկել»:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 10 պատգամավոր ձերբակալվել են:

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: