15:45 , 4 դեկտեմբեր, 2016
Armtimes.com-ը գրում է
Հոկտեմբերի 3-ը կարող է նշանակալից օր դառնա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, քանի որ նույն օրը Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության դահլիճում ԲՀԿ քաղխորհուրդը հրապարակեց Գագիկ Ծառուկյանին քաղաքականոթյուն հրավիրելու խնդրանքը, ապա նույն հայտարարությունը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց Գագիկ Ծառուկյանի առնձնատան դարպասների մոտ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը երեկ ծավալուն (շուրջ 16 րոպե) ռեպորտաժ էր պատրաստել քաղաքացիներ-Գագիկ Ծառուկյան-ԲՀԿ-ական պատգամավորներ բուռն հանդիպման մասին, որտեղ ներկայացված քաղաքացիները փորձում էին հիմնավորել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու անհրաժեշտությունն ու «կենսական նշանակութունը»:
Հավաքված քաղաքացիներին մոտեցավ Գագիկ Ծառուկյանն ու լսեց նրանց տարաբնույթ խնդրագրերը: «Պարոն Ծառուկյան, ես դրսից եմ վերադարձել իմ Հայաստան ու եկել հասել եմ այստեղ, որ դուք վերադառնաք, ու ես այստեղ եմ, չեմ ուզում գնալ իմ երկրից: Ես վերադարձել եմ Հայաստան, ուզում եմ, որ դուք էլ վերադառնաք ու մենք էլ ձեր կողքին լինենք, թե չէ սենց անտեր նորից կգնանք»,- դիմելով Ծառուկյանին ասաց մի կին: Եւս մի քանի նմանատիպ խնդրագիր եւ Ծառուկյանն սկսեց վերլուծել երկրի առաջ ծառացած խնդիրները՝ տալով դրանց գնահատականներ:
«Ես նորից եմ ասում՝ մենք 2015 թվականից, ձեր ցավը տանեմ, ամբողջ հարվածն իմ վրա եմ վերցրել, իմ ժողովրդին, իմ թիմակիցներին, որին էլ որ կալանավորել են՝ ասել եմ՝ բաց թողեք, ես եմ ղեկավարը, պատասխանատուն ես եմ, թող իմ ժողովրդի մատից արյուն չթափվի»,- 2015 թվկանի փետրվարյան հայտնի իրադարձությունները վերհիշեց ԲՀԿ նախկին նախագահը:
Սակայն մերթընդմերթ քաղաքացիները վանկարկում էին «վերադարձ, վերադարձ», «հիմա, հիմա»: Այս կոչերին էլ Գագիկ Ծառուկյանը նախ պատասխանեց, որ ժողովրդին «աշխարհի չափ սիրում է», ապա հավելեց, որ մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգա:
«Հարգելի, սիրելի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մարզերի պատասխանատուներ, ես ասում եմ՝ շատ շոյված եմ, զգացված եմ վսահության հավատի համար: Ամենակարեւորը ես ձեզ նորից եմ ուզում ասել՝ այս ժամանակահատվածում, տնտեսական, քաղաքական, ներքին, արտաքին, ոչ մի հայրենասեր մարդ չի կարող ձեռքերը ծալած նստել: Ամեն մի հայ պարտավոր է մասնակից լինել, ձեռք մեկնելու, միասնական հարցը կարգավորվի:… Ասեցի՝ մոտ օրերս, լիարժեք, մասնակցությունը լինելու է, ինչ մասշտաբով, ինչ կտրվածքով… մոտ օրերս ես հայտարարություն կանեմ, բոլոր պատասխանատուները տեղյակ կլինեն, ժողովրդին տեղյակ կպահենք, համապատասխանաբար, ամեն մեկս էլ պետք է իր մասնակցությունն ունենա», -հայտարարեց Գագիկ Ծառուկյանն ընդգծելով՝ գումարի, ճանաչվածության խնդիր չունի: Թե ում նկատի ունի «պատասխանատուներ» ասելով Գագիկ Ծառուկյանը՝ դժվար չի ենթադրել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ նմանատիպ հավաք էր անցկացվել, իսկ դրանից որոշ ժամանակ անց լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախկին առաջնորդն ասել էր, որ պետք է խնդրեն, որ ինքը վերադառնա քաղաքականություն: