Բարեփոխումների մասին շատ է խոսվում, բայց շատ քիչ բան է փոխվում. Ա․ Ալավերդյանը հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին


11:40 , 3 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր Հաշմանդամության ունեցողների միջազգային օրն է. Tert.am-ը զրուցել է նրանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի հետ, ով նշեց, որ 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելը սկիզբն էր այն բարեփոխումների, որ պետությունը որդեգրել է նրանց խնդիրները լուծելու ճանապարհին:

«Դա մի ակցիա չպետք է լինի ինչ-որ մի ժամանակահատվածի համար, դա պետք է լինի մշտական քաղաքականություն՝ բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցողների համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ ընդհանուր առմամբ այս ոլորտում դրական փոփոխությունները նկատելի են:

Ալավերդյանն ասաց, որ մասնավորապես Երևան քաղաքն է համեմատաբար մատչելի դառնում: «Ականատես ենք, որ Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով հ/կ-ների հետ, այստեղ բավականին լուրջ գործ է անում, ունենք նաև որոշ չափով հարմարեցված ավտոբուսներ: Քաղաքում հիմնականում անցումներն ու ճանապարհները հարմարեցված են, նաև կույր մարդկանց համար են ստեղծվել հարմարություններ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առանց մատչելիության ապահովման, հնարավոր չէ լուծել հաշմանդամություն ունեցողների մնացած խնդիրները:

Արմեն Ալավերդյանը նկատեց, որ զբաղվածության ոլորտում կան դրական փոփոխություններ՝ մատնանշելով, որ քվոտայի համակարգ ներմուծելն ինչ-որ չափով փոխեց իրավիճակը:

Այնուամենայնիվ, Արմեն Ալավերդյանը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, նշեց, որ տարիների համեմատությամբ հաշմանդամություն ունեցողների զբաղվածության խնդրի լուծումը մեծ առաջընթաց չի գրանցել. «Պատկերը հուսադրող չէ։ Տարիների ընթացքում չեն փոխվում տոկոսները, որը որ կային․ հաշմանդամություն ունեցողների մոտավորապես 8-9 տոկոսն է ապահովված աշխատանքով, 90 տոկոսից ավելի գործազրկություն ունենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ