Հայաստանում սեռավարակների թիվը զգալիորեն ավելացել է. սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյան


18:39 , 1 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, նշվում է ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի միջազգային օրը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև Հայաստանի համար:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԵՊԲՀ-ի Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը, խոսելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, նշեց, որ Հայաստանում սեռավարակների թիվը զգալիորեն ավելացել է:

Ըստ սեքսապաթոլոգի՝ հիվանդության դեպքերը հաճախակի են դառնում հիմնականում աշնանը ու դա պայմանավորված է մեծամասամբ՝ անգրագետ սեռական վարքագծով: 

«Ամուսիններն արտագնա աշխատանքից վերադառնում են ու վարակում իրենց կանանց: Կարող են լինել վարակներ, որ հանգեցնեն անպղության: Բարդացումները պայմանավորված են հիմնականում մասնագետին ուշ դիմելու պատճառով: Հայ տղամարդկանց մեծ մասը չի հետևում իր սեռական առողջությանը, հատկապես անվտանգ սեռական կենսակերպի առումով, ինչի արդյունքով շատանում են սեռավարակները: Բացի այդ, աշնանը հաճախանում է դեպրեսիայի ի հայտ գալը, ինչը նույնպես հաճախ հանգեցնում է սեռական առողջության խանգարման: Աշնանը իմունիտետի հարաբերական անկում է նկատվում՝ խաբուսիկ եղանակի հետևանքով: Արդյունքում որոշ սեռավարակներ և սեռական խանգարումներ գլուխ են բարձրացնում, ինչով էլ պայմանավորված է դիմելիության աճը»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:

Սեքսապաթոլոգը նշեց, որ սեռավարակների տարածման պատճառ են դառնում այն մարդիկ, որոնց օրգանիզմում հարուցիչներ կան, և որոնք ռիսկային վարքագիծ ունեն: Ընդգծեց նաև՝ «բոլոր սեռավարակները գործնականորեն բուժելի են, եթե ախտորոշվել են ժամանակին, և բուժումն իրականացրել են համապատասխան մասնագետները»:

Սեքսապաթոլոգի խոսքով՝ զարգացած երկրներում բժշկի այցելելու մշակույթ կա: Մարդիկ մինչև ամուսնությունը պարտադիր բժշկական հետազոտություն են անցնում, ինչը բացակայում է մեր հասարակությունում: Հետևանքն այն է, որ դիմում են բժշկի այն ժամանակ, երբ արդեն որոշակի առողջական խնդիր կա:

Վրեժ Շահրամանյանի խոսքով՝ շատ հաճախ երիտասարդները հրաժարվում են պահպանակի կիրառումից.

«Պահպանակ չօգտագործելու պատճառներից մեկն էլ այն է, որ պահպանակը փոխում է զգացողությունը, ինչը միայն հոգեբանական կողմ կարող է ունենալ: Շատ հաճախ պահպանակ չկիրառելու պատճառ է այն ձեռք բերելու հետ կապված դժվարությունը, մասնավորապես՝ «ճակատագրական ամաչկոտությունն» այն դեղատնից գնելու ժամանակ: Այս հարցն, ի դեպ, շատ երկրներում լուծել են՝ այն ձեռք բերելու գործընթացը դարձնելով ավտոմատացված»: