16:09 , 1 դեկտեմբեր, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցելու իրավահավասար հիմքով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դեկտեմբերի 1-ին Դաշնային ժողովին ուղղած ուղերձի ընթացքում:
«Մենք պատրաստ ենք համագործակցելու նաեւ ամերիկյան նոր վարչակազմի հետ: Կարեւոր է երկկողմանի հարաբերությունները կարգավորել եւ սկսել զարգացնել իրավահավասար եւ փոխշահավետ հիմքի վրա»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ընդհանուր պատասխանատվություն ենք կրում միջազգային անվտանգության եւ կայունության ապահովման, չտարածման ռեժիմների ամրապնդման համար»,- հայտարարել է Պուտինը:
«Կցանկանայի ընդգծել, որ ծայրահեղ վտանգավոր են ռազմավարական պարիտետը կործանելու փորձերը եւ կարող են հանգեցնել գլոբալ աղետի: Այս մասին չի կարելի մոռանալ ոչ մի վայրկյան»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը աշխարհի մարտահրավերների դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի հետ ջանքերի միավորման հույս ունի: