12:54 , 1 դեկտեմբեր, 2016
Lurer.com-ը գրում է.
2016 թվականի դկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված է 6 հազար 65 ՄԻԱՎ-վարակակիր, որոնցից 4 հազար 508-ը տղամարդիկ են, հազար 557-ը՝ կանայք: Այդ մասին հայտնել են ինֆեկցիոն ախտաբանության, ՁԻԱՀ-ի եւ կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնում:
Հիվանդների մեծամասնությունը 29-ից 40 տարեկան է: ՁԻԱՀ է զարգացել 3 հազար 399 հիվանդների մոտ, մահացել է 1201 մարդ: 1989 թվականին Վրաստանում գրանցվել էր ՄԻԱՎ-վարակման մեկ դեպք, իսկ 2016 թվականին այդ թիվը հասել է 663-ի:
Կենտրոնը նշում է, որ առավել մեծ թվով ՄԻԱՎ-վարակակիրներ են գրանցվել Թբիլիսիում՝ 2072 մարդ:
Դեկտեմբերի 1-ին նշվում է Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի համաշխարհային օրը: Ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՄԻԱՎ-ը հիմնական գլոբալ խնդիրներից մեկն է: Այսօրվա դրությամբ այն խլել է ավելի քան 35 միլիոն մարդկային կյանք: 2015 թվականին ՄԻԱՎ-ի հետ կապված հիվանդություններից ավելի քան 1 միլիոն մարդ է մահացել ամբողջ աշխարհում:
2015 թվականին աշխարհում եղել է մոտավորապես 37 միլիոն ՄԻԱՎ-վարակակիր: Առավել ախտահարված տարածաշրջանը Սահարայից հարավ ընկած Աֆրիկան է:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Հարավային Աֆրիկայում սկսվում են մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումները: Գիտնականները պնդում են, որ դա կարող է բեկում դառնալ գիտության մեջ եւ օգնել հաղթելու անբուժելի վիրուսին:
HVTN 702 պատվաստանյութի փորձարկմանը կմասնակցեն Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ)՝ 18-ից մինչեւ 35 տարեկան 5,4 հազար բնակիչներ: Փորձարկումները կշարունակվեն շուրջ չորս տարի, իսկ գիտափորձի արդյունքները կներկայացվեն 2020 թվականին:
ՀԱՀ-ի իշխանությունները նշում են, որ այժմ երկրում օրական շուրջ հազար մարդ է վարակվում այս հիվանդությամբ, իսկ 2014 թվականին վիրուսով ախտահարված էր շուրջ 2,4 միլիոն մարդ: