Սաուդցի արքայազնն իշխանություններին կոչ է արել կանանց թույլատրել մեքենա վարել


22:59 , 30 նոյեմբեր, 2016

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ սաուդյան արքայազն ալ-Վալիդ բին Թալալ ալ-Սաուդը երկրի իշխանություններին խնդրել է կանանց թույլատրել վարել ավտոմեքենա։

Նա համապատասխան կոչը հնչեցրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Բավական է վեճերի համար։ Եկել է կանանց մեքենա վարել թույլ տալու ժամանակը։ Այդ արգելքը նման է անցյալի արգելքներին, ինչպիսիք են կրթությունը կամ ինքնուրույն անձ համարվելը։

Այդ ամենն անարդարություն է, որը ներառվել է ավանդական հասարակությունում, որը շատ ավելի խիստ է, քան դա պահանջում են կրոնական նախապաշարմունքները»։

Նա ընդգծել է, որ այդ արգելքը բերում է տնտեսական վնասներ, քանի որ կանայք ստիպված են լինում վարձել օտարազգի վարորդներ կամ էլ նրանց ամուսինները ստիպված են թույլտվություն վերցնել աշխատավայրում, որպեսզի նրանց ավտոմեքենայով տեղ տանեն։