Իմ գորշ կյանքի երկու Արևները


12:01 , 28 փետրվար, 2013

...սկիզբը

Հեղինակներ՝  Ֆարմազյան Անի, Խրոյան Գայանե

-Մեռած օր է,- ինքս իմ հետ սկսեցի խոսել: Մեկ էլ հանկարծ՝ զանգ եկավ: Կիսաբաց աչքերս հառեցի բջջայինիս, որ կարողանամ հասկանալ, թե ով է ինձ հիշել: Այդպես էլ ոչինչ չհասկանալով՝ վերցրի հեռախոսն ու…

-Արա՞մ…

-Հա՛, ո՞վ ա:

-Դեռ քնա՞ծ ես …

-Արևս, դո՞ւ ես, կներես, ուղղակի էնքան հոգնած եմ, անգամ աչքերս բացել չեմ կարողանում:

-Ամբողջ գիշեր զանգիդ սպասեցի, Ար…

-Հրաշքս, հավատա՝ քնել չէի կարողանում: Տիկոյի հետ խոսեցի, իսկ հետո սկսեցի ամեն բան վերլուծել: Ուզում էի հասկանալ ինքս ինձ, էն էլ…

-Արա՛մ, մի՛ նեղվի, գնա հանգիստ սրտով, բայց երբեք, լսո՞ւմ ես, ոչ մի վայրկյան չդադարես հավատալ նրան, որ ես քեզ սպասում եմ…

-Շնորհակալ եմ, որ ինձ հասկանում ես. դա մեծ առավելություն է:

-Բա ե՞րբ ենք գնալու,- տխուր ձայնով հարցրեց ինձ Արևիկը:

-Տիկոյի զանգին եմ սպասում, պիտի մեքենայով գա հետևիցս: Հետո կգանք ձեր տան մոտ, նոր կզանգեմ կիջնես… Լա՞վ:

-Լա՛վ, Ար…

-Արամ, ես ներքևում քեզ եմ սպասում, դուրս արի, որ չուշանանք,- մտքերս ընդհատեց Տիգրանի զանգը:

-Հիմա կիջնեմ, Տիկ ջան:

Իրերս հավաքեցի, սկսեցի հոգած աչքերով հրաժեշտ տալ ինձ այսքան հարազատ պատերին:

-Դե՜, ինձ հաջողություն…

Դուռը փակեցի շատ դանդաղ ու դուրս եկա բակ:

-Ա՞ր, քեզ ասում եմ արագ իջի, դու շորորալով ես գալի՞ս,- բարկացավ Տիկոն:

Առանց մի բառ անգամ ասելու՝ նստեցի մեքենան ու մենք գնացինք Արևիկի հետևից: Երբ հասանք, զանգեցի Արևին…

-Արև՛, իջի, մենք ձեր բակում ենք:

-Լա՛վ, 2 րոպեից կլինեմ:

Ի՛նչ էր կատարվում ինձ հետ, նույնիսկ ես չէի հասկանում: Երբ նայեցի դուրս, տեսա նրան. այս մեռած օրն անգամ նա շողո՜ւմ էր, շողում էր այնքան պարզ, այնքան գունեղ…Մոտենալով մեքենային՝ մի պահ կանգնեց: Ես իջա, գրկեցի նրան, համբուրեցի, ապա բացելով մեքենայի դուռը՝ խնդրեցի նստել: Արևիկը մեղմ հայացքով նայեց հոգնած հայացքիս, այնուհետև խոնարհ աչքերը իջեցնելով վար՝ նստեց մեքենան:

-Բարև, Արև ջան…

-Բարև, Տիկ ջան…

-Լա՞վ ես:

-Ո՞նց պիտի լինեմ…

Ես նույնպես նստեցի մեքենան, և մենք շարժվեցինք օդանավակայան: Ճանապարհը կարճ էր, ոչինչ չհասցրեցինք խոսել: Միայն ամեն րոպե նայում էի նրա կարմրած դեմքին ու ժպտում՝ փորձելով գոնե մի փոքր փոխել նրա տրամադրությունը: Թերևս, ոչ մի մանրամասներով չեմ ուզում նկարագրել մեր բաժանումը, բայց ասեմ, որ երբեք չեմ կարողանա մոռանալ սա, մոռանալ նրա արցունքոտ աչքերը ծով, կարմրած հայացքը, դողացող ձեռքերը, որոնցով գրկել էր անշարժ մարմինս: Չեմ մոռանա այն համբույրը ջերմ, որ հեղեղեց սառած շուրթերիս՝ ապացուցելով այն, որ կսպասի ինձ:

… Եվ ես մեկնեցի…Ու անգամ վախենում եմ պատկերացնել Արևիկի օրերն առանց ինձ, բայց այն հանգամանքը, որ ես արդեն մեկնել եմ, ինձ ստիպում էր ուժ հավաքել ու առաջ նայել…

Կզարմանաք, բայց ժամանակի ընթացքում մենք սկսել էինք ուշ-ուշ խոսել, իսկ թե ինչից, երևի բոլորին պարզ է. հեռավորույթուն…

 

______

-Ի՜նչ մութ գիշեր է, աստղերը կարծես անհետացել են: Փակում եմ աչքերս ու մտովի հայտնվում մի հեռավոր ու հեռու խավարի մեջ, որ քո աչքերով է լուսավորված, բայց այնքան վաղուց քեզ չեմ տեսել, որ պատկերդ արդեն մշուշոտ եմ հիշում: Տեսնես դու մտածո՞ւմ ես իմ մասին կամ գոնե հիշո՞ւմ ես ինձ: Քո գնալուց հետո դու քեզ հետ տարար նաև ինձ ու այն աղջկան, որին ես էլ, դու էլ սիրում էինք:

Չիմացա թե ինչպես քնեցի և միայն առավոտյան արթնացա մայրիկիս քնքուշ ձայնից:

-Արևս, ուշանում ես դասից…

-Մա՜մ, այնքան եմ տխրում, որ առավոտյան արթնանում եմ ու հիշում, որ պետք է տանից դուրս գամ, այնքան եմ հոգնել բոլորի միևնույն դեմքերից ու իմ միապաղաղ առօրյայից:

-Քեզ հանգիստ է պետք ու մեկ էլ նոր սեր աղջիկս, որ կարողանաս օրդ լցնել և մոռանաս…

Մայրս դեռ խոսքը չէր ավարտել, երբ ես նրան ընդհատեցի, քանի որ գիտեի ինչ էր լինելու շարունակությունը: Այնքան եմ լսել այդ խոսքերը, որ երազումս էլ եմ դա լսում:

-Մա՛մ, գոնե մեկ օր ինձ մի հիշեցրու նրա մասին, լա՞վ: Ես ամեն օր որոնումների մեջ եմ, բոլորի մեջ նրան եմ փնտրում, բոլորին նրա հետ եմ համեմատում:

Սիրտս կսկիծով էր լցվել և ուր որ է լաց կլինեի, բայց վերցրեցի պայուսակս ու շտապելով դուրս եկա: ճանապարհին մտածում էի, թե ինչպես է լինում, որ երջանկությունը այդքան կարճ է տևում կամ որ մենք չենք հասկանում ու գնահատում դա: Հասա արդեն համալսարանի մոտ, հեռվում նկատեցի ընկերուհիներիս, որոնք ինձ էին սպասում, որ միասին մտնենք լսարան:

-Բարև Արևիկ, ինչո՞ւ ես տխուր:

-Տխուր չեմ ու լավ գիտես, որ ես չեմ սիրում, երբ ինձ այդ հարցն են տալիս:

-Լա՛վ Արև, երևում է այսօր դու շատ նյարդային ես,-ասաց Նարեն նեղացած տոնով, և ես էլ ոչինչ չցանկացա պատախանել, քանի որ հոգնել էի հիմարի պես բոլորին համոզել, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է, թեև բոլորն էլ գիտեին, որ ստում էի:

Դասի ժամանակ հիշեցի երազս, որը հենց այս գիշեր էի տեսել. ես նտած էի իմ սիրելի այգու նստարանին և անձրև էր գալիս, իսկ շուրջս մարդ չկար, բայց մեկը կարծես ականջիս ասեր.

-Ես քո կողքին եմ ու միշտ էլ քեզ հետ, գնա՛ և մի՛ վախեցիր…

…Եվ ես այդ պահին արթնացա: Բայց տարօրինակ է, որ այդ ձայնը այնքան նման էր Արամի ձայնին:

Արա՜մ, Արամ որքա՜ն եմ ես քեզ փնտրել ու որքա՜ն ես դու ինձ տանջել և շարունակում ես տանջել:

Ահա և վերջացավ առաջին ժամը, շուտ անցավ քանի որ ամբողջ 90 րոպեների ընթացքում ես մտածում էի, ինչպես միշտ:

-Արևիկ, կգաս գնանք զբոսնելու, օգնությանդ կարիքն ունեմ,- ասաց Նարեկը:

Նա իմ համակուրսեցին էր և միայն նրա հետ էի մոտ: Մենք հաճախ էինք միասին զբոսնում և զրուցում: Ես համաձայնվեցի, և մենք դուրս եկանք համալսարանից ու քայլեցինք երկար մայթերով: Ճիշտ է՝ եղանակը այդքան էլ արևային չէր, բայց Նարեկը ասում էր, որ եթե ես դրսում եմ, արևի կարիք նա չի ունենում: Հավատում էի նրա ամեն մի խոսքին, նա միակ մարդն էր ում կողքին ես մոռացության էի տալիս իմ միակ տխրությանը: Ավելի ճիշտ նա ինձ պարզապես օգնում էր կտրվել մի քանի ժամով այն հիշողություններից և ապրումներից, որոնք կրում էին <<Արամ>> անունը:

Մենք երկար զբոսնեցինք և արդեն շատ ուշ էր նա. ինձ ուղղեկցեց տուն: Արդեն մեր շենքի մոտ էինք, և ես պետք է հրաժեշտ տաի նրան:

-Նարեկ, շնորհակալ եմ, դու այնքան լավն ես, որ քո կողքին մոռանում եմ ցավ ու տառապանքներս:

-Արև, իմ բարի ու աննման հրաշք, դու ես լավը, որ օգնում ես ինձ, միշտ իմ կողքին ես և ամենակարևորը, որ ջերմացնում ես բոլորին քո ներկայույամբ: Ափսոս, որ Արամը չգնահատեց այդ ամենը և հեռացավ՝ թողնելով քեզ ու թողնելով շատ հարցեր ու բազմակետեր…

-Շատ շնորհակալ եմ լավ օրվա համար, բարի գիշեր,- ես շատ կոպիտ հրաժեշտ տվեցի Նարեկին, ինչպես որ միշտ եմ անում՝ չհասկանալով որ վիրավորում եմ: Բայց ներքին ցավս այնքան ուժեղ է, որ ուրիշին վիրավորելու դեպքում էլ չեմ զգում: Բոլորը ասում են, որ ես շատ լուրջ եմ, երբեմն կոպիտ, բայց ես քո կողքին ուրիշ էի՝ ուրախ և անհոգ: Դու քո հումորներով ու քո ծիծաղելի պահվացքով լցնում էիր օրս և, կարծես, նոր կյանք էի ստանում քեզնով, թեև շատերի կարծիքով մենք համապատասխան չէինք, բայց մեզ երբեք էլ չէր հետաքրքրում ուրիշների կարծիքները. մենք մի ամբողջություն էինք:

Նորից մութ գիշեր ու նորից ես մենակ իմ սենյակում հիշել էի մեզ. թե ինչպես էինք զրուցում ուշ գիշերով ու հիշում եմ, որ այդ ընթացքում ես պարապում էի ու երազում էի մեծ բեմերիս մասին: Դու այնպես էիր անում, որ ձայնս օր օրի ավելի քնքուշ դառնա…Աստված իմ որքա՜ն ժամանակ է անցել. ես արդեն Կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողուհի եմ, իսկ դու…

-Իմ Արև, պետք է քնես մոռացե՞լ ես  ինչ է՝ վաղը համերգ ունես, քո առաջին և կարևոր համերգներից է, որտեղ պետք է ներկայացնես քո ստեղծագործությունը,- ասաց մայրիկս իր աննկարագրելի հանգտացնող ձայնով ու համբուրեց ինձ՝ բարի գիշեր մաղթելով: Եվ ես պառկեցի քնելու, թեև գիտեի, որ անհանգստությունից քունս չէր տանելու: Բայց հակառակի պես հենց պառկեցի, քնեցի անմիջապես:

Արդեն վաղ առավոտյան ես մեծ համերգասրահում էի: Աստվա՛ծ իմ, որքա՜ն եմ երազել այս բեմում երգել և հիմա կարծես երազանքս կատարվում է: Բայց ափսոս, որ դու չկաս. իմ միակ ծափահարողն ու ներշնչողը բացակա է ու ոչ ոք չի կարող լցնել նրա բացակայությունը:

Մենք մինչև երեկոյան ժամը 6-ը փորձեր էինք անում: Հետո ասացին ,որ մեկ ժամից սկվում է համերգը և հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով, ցուցադրելու էին: Ես շատ էի հուզվում. երգս սիրո մասին էր ու նվիրում էի հենց նրան: Թեև վստահ էի ,որ նա չի լսելու, բայց…

Համերգը սկսվեց և արդեն իմ ժամանակն էր, որ բեմ դուրս գայի: Դողում էի ամբողջ մարմնով… Տեսնելով հանդիսատեսին՝ ավելի հուզվեցի, բայց ուժ հավագեցի իմ մեջ և լույսերը կամաց-կամաց լուսավորեցին դեմքս: Երաժշտությունը հնչեց…

Դու,  որ հեռու ես ու օտա՜ր,

Ե՜ս, որ փնտրում եմ շարունա՜կ

Մե՛նք, որ գտել էինք իրա՜ր,

Մե՛զ, որ կապում էր ամեն ինչ,

Բայց դո՛ւ կորցրիր դրանք միանգամի՛ց…

______

Ես նոր էի եկել օդանավակայանից տուն և Տիկոյի հետ նստած զրուցում էինք իմ անցկացրած օրերից ու աշխատանքից, երբ Տիկոն հեռուստացույցը միացրեց և իմ աչքերը, մարմինս ու անգամ լեզուս սառեց ու քարացավ, ես չէի հասկանում` ինչ կատարվեց ինձ հետ, բայց դա Արևիկն էր, իմ Արևն ու իմ աննկարագրելի սերը, որին, մեկ է, ես չկարողացա մոռանալ:

_Տի՜կ, ես ինչ որ տեսնում եմ, դու էլ ես տեսնո՞ւմ:

Ու էլ չլսեցի թե Տիկոն ինձ ինչ պատասխանեց, անմիջապես դուրս թռա տանից և առաջին պատահած տաքսին կանգնեցրի ու խնդրեցի հասցնել այն դահլիճ, որտեղ երգում էր իմ Արևը:

Մտա դահլիճ: Դե իհարկե մեծ դժվարություններով, բայց սիրող տղայի համար չկա անհաղթահարելի ոչինչ: Արևս արդեն ավարտել էր ելույթը, սակայն դա էլ ինձ չկանգնեցրեց: Համերգը մի քանի րոպեից կվերջանար և ինչպես բոլոր համերգների վերջում է լինում, բոլոր կատարողները բարձրանում են բեմ, որպեսզի վայելեն ծափահարությունները և հանդիսատեսի գնահատականը`իրենց ելույթին:

Բոլորը ոտքի կանգնեցին, բացի ինձանից, քանի որ ես տեղ էլ չունեի նստելու ու մտնելուս պահից ի վեր կանգնած էի: Հնչեցին ծափահարությունները և կատարողները հերթով բարձրանում էին բեմ:

-Ահա՛, իմ Արևը…,-բղավեցի ես՝ չկարողանալով զսպել հուզմունքս և ուրախությունս:

Ես վազեցի դեպի բեմը: Արևը ինձ նկատեց, ես դա զգացի, բայց երևի նրան խաբկանք թվացի և նա հայացքը ուղղեց ուրիշ կողմ: Ես արդեն կանգնած էի բեմում և մի քանի վարկյան … ու նա գրկումս կհայտվեր:

-Արև՜, Արև՜…

-Արա՞մ…

Ես գրկեցի նրան ու հասկացա, որ այսքան ժամանակ մեզ պարզապես հեռավորությունն էր բաժանում, ուրիշ ոչինչ: Նա իմ Արևն էր, ես նրա Արամը: Մեր հոգիները երբեք էլ չեն բաժանվել: