Վերջին մեկ օրում ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչներ են դուրս եկել Հալեպի արևելյան մասից


13:42 , 28 նոյեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Վերջին մեկ օրում ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 1519 երեխաներ են հեռացել Հալեպի արեւելյան մասից: Այս մասին հայտնել են Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

«Հաշտեցման ռուսական կենտրոնը շարունակում է հումանիտար օգնություն հասցնել ահաբեկիչներից ազատագրված Հալեպի արեւելյան շրջաններ: Ընդամենը վերջին մեկ օրվա ընթացքում քաղաքի արեւելյան մասից դուրս է եկել 3 հազար 179 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 1519 երեխա, ներառյալ 138 նորածիններ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են գերատեսչությունում, քաղաքը լքած բոլոր բնակիչները տեղավորվում են սիրիական իշխանությունների հետ համատեղ բացված հումանիտար կենտրոններում: Նրանք ստանում են բժշկական օգնություն, տաք եւ մանկական սնունդ, առաջին անհրաժեշտության առարկաներ ու հագուստ:

Նաեւ Հաշտեցման ռուսական կենտրոնը լրացուցիչ Հալեպ է տեղափոխել եւ բացել ավելի քան 150 դաշտային խոհանոց:

Ինչպես հայտնել են Սիրիայում Հաշտեցման կենտրոնում, ավելի քան 100 զինյալներ դադարեցրել են դիմադրությունը եւ լքել Հալեպի արեւելյան մասը: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ քաղաքի տասը թաղամասեր ազատագրվել են «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: