Ախր ազգայինը ամենևին հակոտնյա չէ համամարդկայինին


14:30 , 28 նոյեմբեր, 2016

Image result for հայաստանԱխր ազգայինը ամենևին հակոտնյա չէ համամարդկայինին

Ներկայիս անցումային հանգրվանում փորձում ենք վերակերտել հայ ազգի հոգևոր նկարագիրը՝ հենվելով քրիստոնեական ավանդույթների, ազգային գաղափարների ու ժողովրդավարական արժեքների վրա: Մեզանից ոչ մեկը իրավունք չունի ժողովրդավարությունը, ազատականությունը զրկել ազգային բովանդակությունից, իսկ ազգային գաղափարախոսությունը նույնացնել ազգայնամոլության, ազգային բացառիկության քարոզի հետ: «Ազգային գաղափարախոսությունը մարտնչող գավառականության դրոշն է», «ազգային գաղափարախոսությունը հաշիշ է հայ մտավորականության համար», «ազգային գաղափարախոսությունը՝ ժամանակավրեպություն է»․ սրանք էին հայ «բարենորոգիչների» առաջին սերնդի մեծամոլիկ ներկայացուցիչների սիրած արտահայտությունները: Նրանցից ոչ մեկը չփորձեց փլուզված համայնավարական գաղափարախոսության տեղը կառուցել նոր գաղափարախոսություն, չփորձեց ժողովրդին զինել իր ապագայի նկատմամբ հավատով ու հույսով:
Այսօրինակ քարոզչական մտակաղապարները, որ առերևույթ ներկայացվում էին ազգային, հասարակական կյանքի ապագաղափարախոսականացման տեսքով, իրականում հիմնվում էին համամարդկային և ազգային արժեքների անհարկի հակադրման վրա: Անտեսվում էր, որ ցանկացած ազգ հաղորդակցվում է համամարդկային արժեքների հետ, դրանք սեփականում է հենց իր ազգի գերակա շահերի ու արժեքների միջոցով: Հետևաբար, իր առաջնահիմքով ազգայինը ամենևին հակոտնյա չէ համամարդկայինին: Դիպուկ է ասել մեծ հայրենասեր Միքայել Նալբանդյանը. «Ազգությունը հառաջ է, քան թե ընդհանուր մարդկությունը, և ամենայն մարդ յուր ազգությամբ է մտնում ընդհանուր մարդկության մեջ»: Մեկ այլ առնչությամբ ընդգծել է. «Ազգը ասացյալ է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան կամ նորանից դուրս մասնավոր մարդը կը լիներ մի անօգուտ անձնասեր, իսկ բոլոր մարդկությունը մի անպտուղ վերացականություն»:
Այս մեթոդաբանական մոտեցումը կամ դիրքորոշումը հավասարապես վերաբերում է նաև ազգային գաղափարախոսությանը, որի նշանակությունը անժխտելի է, իսկ կարևորությունը գնալով աճում է:
Աներկբայելի է, որ անցումային շրջանում ազգային գաղափարախոսության դերի որևէ նվաստացում կամ թերագնահատում խիստ բացասաբար կանդրադառնա տնտեսական և քաղաքական բարեփոխումների, առանձնապես՝ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների համալիր կայացման գործընթացի վրա: