Գենդերային հավասարությունը, Ջունգլը և մեր գաղջ իրականությունը


12:14 , 28 նոյեմբեր, 2016

Կարծես թե նոր թափ է հավաքում, այսպես կոչված, «գենդերային օրենքների» լոբբինգը։ Հենց հիմա կառավարության օրակարգում է Ընտանեկան բռնությունների մասին օրենքը, որը շուտով կհայտնվի նաև ԱԺ օրակարգում։ Թվում է, թե՝ ի՞նչ է եղել որ, կարելի է շրջանցել այս թեման։ Սակայն արի ու տես, որ օրենքի կողմնակիցները դրանում տեսնում են ազգի փրկություն, իսկ դրա ընդդիմախոսները՝ հայկական ավանդական ընտանիքի հիմնասյուների քանդում։


Մեր մեջ ասած՝ ես էլ առանձնապես չեմ հասկանում ոչ միայն տվյալ օրենքի, այլև գենդերային ցանկացած օրենքների իմաստը։ Առավել ևս, եթե դրանք քողարկվում են էմանսիպացիայի լոզունգներով։ Կարծեմ, ո՛չ մեր սահմանադրությունում, ո՛չ էլ օրենսգրքերում, բացի մի քանի բացառություններից (պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը), չի արվում կոնկրետ շեշտադրում մի սեռի վրա, իսկ բոլոր մնացած դեպքերում օրենքը տարածվում է ցանկացած մարդու վրա՝ անկախ սեռից։ Այդ թվում՝ բռնություններին վերաբերող օրենքները։ Այդ պարագայում ի՞նչ իմաստ կա մի հատ էլ առանձին ընտանեկան բռնությունների օրենք ընդունել, ընդունել օրենքներ՝ կանանց, երեխաների, ծերերի, միջին տարիքի մարդկանց կամ էլ, ինչո՞ւ ոչ, հերմոֆրոդիտների պաշտպանության համար, եթե մենք արդեն ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են Մարդու իրավունքներն ու ազատությունները։ Ստացվում է, որ թիրախային կատեգորիան՝ կանայք ու երեխաները, մարդ չե՞ն․․․

Կոնկրետ օրինակով խոսենք։ Երեկ Ֆեյսբուքի մեյնսթրի թեմաներից մեկը Ջունգլն էր, ով քաղաքի կենտրոնում օրը ցերեկով քոթակել էր յուր կնոջը։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, թե ինչ ակնառու ու փառապանծ անցյալ ունի սույն ինդիվիդը, տվյալ օրինակում իրավիճակն է ավելի կարևոր։ Ու ի դժբախտություն Ջունգլի՝ մուշտի տալու պահին տարածքում էր եղել ընտանեկան բռնության մասին օրինագծի գլխավոր ապոլոգետներից մեկը՝ Զառա Հովհաննիսյանը, ով շտապել էր նկարել այդ ամենը և հանրայնացնել (ի դեպ՝ լավ էր արել)։ Հիմա հարց՝ արդյո՞ք Հայաստանում գործող օրենքները չեն բավականացնում տվյալ իրավիճակում, որպեսզի Ջունգլը պատժվի, իսկ Ջունգլի կինը պաշտպանվի։ Արդյո՞ք կա կենսական անհրաժեշտություն մի հատ էլ նոր օրենք ընդունելու, որը պետք է առանձին կանոնակարգի ընտանեկան բռնությունը։ Կարծում եմ, որ ոչ։ Հայաստանում ծեծը ապօրինի է, մարմնական վնասվածքներ հասցնելը՝ քրեորեն պատժելի, խուլիգանությունն ու հասարակական կարգը խախտելը՝ ևս․․․

Հիմա մեր գաղջ իրականության մասին։ Գաղջ իրականությունն այն է, որ մարդիկ հաճախ չգիտեն, իսկ իմանալու դեպքում էլ չեն իրացնում իրենց իրավունքները։ Ջունգլի կինը՝ դրա վառ օրինակ։ Անգամ եթե փորձում են իրացնել, հաճախ բախվում են դատական և իրավապահ համակարգերում առկա համակարգային խնդիրներին։ Օրինակ՝ փողով գործ փակող քննիչի/դատախազի/դատավորի։ Բացի այս գաղջիկներից՝ ունենք պետական համակարգ, որն, ի թիվս այլ արատների, նաև հանդիսանում է ամենախոշոր գրանտակերը, և հանուն ԵՄ-ից ու արևմտյան տարատեսակ հիմնադրամներից ստացվող մի քանի տասնյակ միլիոն եվրո դրամաշնորհների՝ ընտանեկան բռնության օրենք էլ կանցկացնեն, ներառական կրթության տակ էլ կմտնեն, Մատաղիսի գործ էլ կփակեն։

Այստեղից հետևություն․ մեր տխուր փորձը ցույց է տալիս, որ նման ռեֆորմները, որոնք անգամ ստերիլ միջավայրում են բավականին խնդրահարույց, Հայաստանում կարող են աղետալի լինել, որովհետև չի կարելի որևէ դրական եզրահանգում ակնկալել, երբ ունես նման անկատար ու թերի համակարգ։ Նախ՝ սովորենք եղած օրենքները կյանքի կոչել ու դրանցով ապրել, հետո նոր անցնենք ԴԱՀԿ-ով երեխաներ խլելու պրակտիկաներին։

Հ․Գ․ Ի դեպ՝ ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական ծեծը չէ, այլ նաև հոգեբանական բռնությունն է, և ինչպես ծեծված կինը կարող է պահանջել պատժել իր ամուսնուն, այնպես էլ ամուսինը, ում ասում են «բա դու տղամա՞րդ ես», կարող է պահանջել պատժել իր կնոջը։