Իրանում պետական երկաթուղային ընկերության ղեկավարը հրաժարական է տվել խոշոր վթարից հետո


20:00 , 27 նոյեմբեր, 2016

3327b83d13a2e54981b2ce0f83db8e4aFrance Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տրանսպորտի փոխնախարար, պետական երկաթուղային ղեկավար Մոհսեն Փուրը հրաժարական է տվել։

Դա տեղի է ունեցել Սեմնան նահանգում մարդատար գնացքների բախումից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր վթարի կապակցությամբ ընկերության չորս աշխատակիցների ձերբակալման մասին։

Մոհսեն Փուրն իր հրաժարականը որակել է որպես հասարակության առջև ունեցած պատասխանատվության դրսևորման ժեստ։ Նա հավելել է, որ նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարդկային գործոնի պատճառով։

Երկաթուղային վթարը ուրբաթ գրանցվել է Իմամշեհր երկաթուղային կայարանում։ Այստեղ գնացքներից մեկն ընթացքի ժամանակ մխրճվել է կայարանում կանգնած գնացքի մեջ։

Բախման հետևանքով 4 վագոն դուրս է եկել ռելսերից, ևս երկուսը այրվել են։ Տեղի իշխանությունների պնդմամբ՝ հարված հասցրած գնացքում գտնվել է 400 մարդ։ Վերջին տվյալներով՝ երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 45 մարդ։