«Իրանը ոչ մի շանս չունի ընդգրկվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ»


13:00 , 27 նոյեմբեր, 2016

vj-rj9v3yԲաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ջավադ Ջահանգիրզադեի հայտարարությունը այն մասին, որ Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, հերթական քաղաքական ժեստն է, կարծում է իրանագետ Արմեն Վարդանյանը:

Փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ քայլով Թեհրանն ուզում է ցույց տալ, որ բարեկամական երկիր է Ադրբեջանին՝ դեմ լինելով տարածաշրջանում լարվածության աճին: Արմեն Վարդանյանը չի կարծում, որ Իրանը կարող է ներգրավվել հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործընթացին, չնայած այն հեռանկարին, որ Միացյալ Նահանգներում ձևավորվող նոր վարչակազմի օրոք ամերիկյան քաղաքականությունը տեսականորեն կարող է պասիվանալ մեր տարածաշրջանում, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանի մյուս խաղացողներին ավելի ակտիվորեն միջամտել տարածաշրջանի գործընթացներին:

«Իրականում Իրանը ոչ մի շանս չունի ընդգրկվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ, իսկ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգարվորման հարցով հենց այդ կառույցն է զբաղվում: Կարծում եմ՝ Իրանում էլ են շատ լավ դա հասկանում: Դա ընդամենը քաղաքական ժեստ է»,- նշեց փորձագետը:

Հարցին՝ ի՞նչ դեր կարող է այս համատեքստում խաղալ Թուրքիայի գործոնը և վերջինիս ակնհայտ փորձերը միջամտելու ղարաբաղյան գործընթացին, Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ իր համոզմամբ՝ Իրանը չի ցանկանում մրցակցել Թուրքիայի հետ և ի տարբերություն վերջինիս՝ ավելի կառուցողական մոտեցում ունի ղարաբաղյան հարցում

«Ի տարբերություն Թուրքիայի, որը ԵԱՀԿ Մինսկի Խմբի անդամ է, Իրանը ներգրավված չէ այդ կառույցում և ոչ մի շանս չունի ընդգրկվելու այնտեղ: Բացի այդ, ի տարբերություն Թուրքիայի, որը ժամանակ առ ժամանակ դժգոհություններ է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից, հայտարարում է, որ այդ կառույցը արդյունավետ չի աշխատում, Իրանը երեբք կասկածի տակ չի դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լեգիտիմությունը: Ապրիլյան վերջին պատերազմի ժամանակ էլ Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Բացի այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագատեները նույնպես բազմիցս ասել են, որ դեմ են այդ ձևաչափը փոփոխելուն»:

Բաքվում Իրանի դեսպանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ պատերազմը տարածաշրջանի օգտին չէ, ուստի իրենք ցանկանում են, որ տարածաշրջանի երկրների սահմանները խաղաղ լինեն:

«Մենք կարծում ենք, որ օտար պետությունները երբեք չեն հասկանա տարածաշրջանի վիշտը: Նրանք շատ հեռու են տարածաշրջանից, տեղյակ չեն տարածաշրջանի ներսում խնդիրների մասին: Սակայն մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտ ժամանակներս հասնի հաջողության: Մենք ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը: Նրանք ասում են, որ այդ գործն իր լուծումը կգտնի մեկ տարվա ընթացքում, սակայն որքան «մեկ տարիներ» են անցել: Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են: Մենք ցանկանում ենք, որ բոլորը տարածաշրջանում համագործակցեն իրար հետ»,- շեշտել էր Ջավադ Ջահանգիրզադեն: