16:32 , 26 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
«Մեծ պատիվ է, որ կուսակցությանն անդամագրվելուց անմիջապես հետո ստացա իմ վաղեմի գործընկերների, իսկ հիմա նաև համակուսակցական գործընկերների վստահության քվեն և ընդգրկվեցի Գործադիր մարմնում»,- այսօր ՀՀԿ համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Ըստ նրա` կուսակցական գործունեությունը ստանում է նոր շատ ավելի խորքային իմաստ և կուսակցությունների ամրապնդումը դառնում է քաղաքական մշակույթի ձևավորման կարևոր տրամաբանական բաղադրիչ մասը: Նա նշեց, որ պատասխանատվությունը մեծ է. «Ինձ համար այսօրվա ամենակարևոր խորհուրդներից մեկն այն էր, որ ես լսեցի բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում, հատկապես ՀՀ կուսակցության նախագահի խոսքն առ այն, որ պաշտպանությունը դառնում է առանցքային խնդիրներից մեկը»:
Վ.Սարգսյանի խոսքով` մեծ աշխատանք կա անելու և ինքը տրամադրված է շատ վճռորոշ այդ աշխատանքը տեղ հասցնելու, նաև ազգ-բանակը դառնում է աշխատանքի առանցքային ուղղություն: Նա նկատեց, որ եկել է աջակցելու այն աշխատանքում, որ արվել է երկար տարիներ: Թե ինչո՞ւ հենց հիմա, այս փուլում որոշեց դառնալ կուսակցական, Վ.Սարգսյանը պատասխանեց, որ նախքան այս զբաղեցրել է հանրապետության բարձրագույն հայեցողական պաշտոնը և սերտ փոխգործակցություն է ունեցել իշխող կուսակցության հետ.
«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և անտրամաբանական կլիներ չհստակեցնել իր հարաբերությունը ՀՀԿ-ի հետ: Շատ ավելի կարևոր հանգամանք է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձևավորվող նոր քաղաքական մշակույթը, որին ես որոշեցի այդպես առաջ գնալ և կուսակցական պատկանելիությամբ ընդգծել դրա կարևորությունը»: