Դեկտեմբերի 1-ից տեղումներ կսկսվեն


14:54 , 26 նոյեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

«Առաջիկա օրերին՝ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, գտնվելու ենք ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, բացառությամբ Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ ջերմաստիճանը պայմանավորված Իրանի տարածքից ներթափանցող համեմատաբար տաք օդային հոսանքների՝ կբարձրանա  8-10 աստիճանով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշեց, որ Արարատյան դաշտում դիտվել է ցուրտ օդի լճացում, ցերեկային ժամերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը հավասարվել է լեռնային շրջանների ջերմաստիճանին. «Մեզ փրկության է հասնում այդ լճացումը ցրելու կիպրոսյան ցիկլոնը: Արդեն  30-ին կնկատվի  ամպամածություն և բավականին ինտենսիվ տաք օդի ներհոսք և 30-ից 1-ը ընկած ժամանակաշրջանում օդի ջերմաստճանը հանրապետության ամբողջ տարածքում  8-10 աստիճանով կբարձրանա: Այսինքն, եթե հիմա Երևանում -8,-10 աստիճան է, արդեն  դեկտեմբերի 1-ին մենք կարող ենք մայրաքաղաքում և Արարատյան դաշտում գիշերային ժամերին  ակնկալել  0-ից +2 աստիճան: Ցերեկային ժամերին առանձնապես ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, որովհետև դեկտեմբերի 1-ից տեղումներ են սկսվելու,  Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կլինի +3-ից +5-ի սահմաններում»:

Սուրենյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ից հանրապետությունում սպասվում են տեղումներ. «Լեռնային մարզերում՝ Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտնի լեռնային շրջաններ, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, հորիզոնական ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Իսկ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում՝ Արագածոտնի նախալեռներ, Արարատյան դաշտում, Կոտայքի նախալեռնային հատվածներում, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում, քանի որ սպասվում է լուրջ ջերմաստիճանի բարձրացում , տեղումներն այդ օրերին կլինեն թաց ձյան, ձնախառն անձրևի և  անձրևի տեսքով»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ