«Ժողովուրդ». Այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան բանակում չծառայածներ


07:55 , 26 նոյեմբեր, 2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նորություն չէ, որ հայրենի պաշտոնյաներից շատերը չեն ծառայել Հայոց բանակում: Դեռեւս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կառավարության կազմը համալրվեց բանակում չծառայած նախարարներով, որոնց համար հայրենիքը սկսվում եւ ավարտվում էր Տիգրան Սարգսյանի որոշումներով: Պարզվում է՝ այս նոր՝ պրոֆեսիոնալների կառավարության կազմում էլ կան այդպիսիք:

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի ծառայել Հայոց բանակում: Ու ամենեւին կարեւոր չէ, թե պաշտոնական ինչ պատճառաբանությամբ:

Հավելենք, որ Հայոց բանակում ծառայությունից խուսափել է նաեւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա այն պաշտոնյան էր, որ նշանակման առաջին օրերից բացառեց, որ Հայաստանը կունենա ազգային ավիափոխադրող ընկերություն: Դե, իհարկե: