Եվրոպական կողմի մոտ կասկածներ կան, թե Թուրքիան շարունակում է ժողովրդավարական զարգացումը. Թևան Պողոսյան


16:26 , 25 նոյեմբեր, 2016

Եվրոպական կողմի մոտ  կասկածներ կան, թե Թուրքիան շարունակում է ժողովրդավարական զարգացումը. Թևան ՊողոսյանAysor.am-ը գրում է.

Օրերս Ստամբուլում կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանին Թուրիքիայի մասնակցությունը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորում է նրանով, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո վեհաժողովի ժամանակ Թուրքիան փորձել է տպավորություն ստեղծել, թե իբր երկրում ամեն ինչ կարգին է։

«Սպասելի էր, որ Թուրքիայի իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի իրենց եվրոպական գործընկերներին ներկայացնեն, որ այն, ինչ կատարվում է հիմա Թուրքիայում, համապատասխանում է ժողովրդավարության ոգուն», - խորհրդարանում, ամփոփելով վեհաժողովի արդյունքները, ընդգծեց Թևան Պողոսյանը:

«Թուրքիան իր երկրի ներսում ստեղծված իրականությունը լավ գույների ներքո ներկայացնելու համար ֆանտաստիկ աշխատանք էր տարել, անգամ գրքեր էր տպագրել և ցուցահանդեսներ պատրաստել»,- ասաց նա:

Մինչդեռ, պատգամավորի խոսքով,  եվրոպական գործընկերներից շատերը, հատկապես Հոլանդիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Անգլիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թուրքիայի այդ գործողությունները ժողովրդավարության հետ որևէ կապ չունեն։

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ վերջիններս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին մեղադրել են վեհաժողովի ժամանակ  Թուրքիայում մեկ օրում 10 հազար մարդուց ավելի ձերբակալելու  խնդրին չանդրադառնալու համար, ինչը դեմ է ժողովրդավարության կանոններին։

«Եվրոպական կողմի մոտ կասկածներ կան, թե Թուրքիան շարունակում է ժողովրդավարական զարգացումը և, կարծում եմ, ԵԽ-ի երեկվա որոշումը՝ ժամանակավոր դադարեցնել Թուրքիա- ԵՄ բանակցային գործընթացը, դրա շարունակությունն էր»,-ընդգծեց Թևան Պողոսյանը։