15:04 , 25 նոյեմբեր, 2016
Armtimes.com-ը գրում է.
23 տարի է անցել Մոնթե Մելքոնյանի զոհվելուց. կնոջը՝ Սեդա Մելքոնյան-Գպրանյանին, հարցրեցի՝ իր ո՞ր խոսքն է ամենից շատ կարոտել, ժպիտով ասաց՝ «իսկապե՜ս», ապա րոպեներ անց հուզմունքն աչքերին՝ ամեն բառ մը:
ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ Armtimes.com-ը սկայպով զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Սեդա Մելքոնյան-Գպրանյանի հետ.
- Տիկին Սեդա, նախ, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար նոյեմբերի 25-ը, եւ ի՞նչ զգացողություններ ունեք, երբ Մոնթեի ծննդյան օրը չեք կարող այցելել Եռաբլուր:
- Սովորաբար, իրեն նվիրված օրերը, հատկապես՝ հունիսի 12-ին եւ նոյեմբերի 25-ին, փորձում եմ կապվիլ Մարգարի (Մոնթեի եղբայրը) հետը, եթե նույն տեղը կգտնվինք, քալլելու կելնիմ: Բնության մեջ գտնվիլը Մոնթեի ամենասիրած բաներուն մեկն էր. կմտածիմ, իր նամակները կկարդամ: Այս տարի իր ծննդյան օրը մեզ մոտ կհամապատասխանի շնորհակալության օրվան: Իսկ Մոնթեի հետ եմ միշտ՝ անկախ նրանից` որտեղ եմ գտնվում:
- Բոլորը միշտ հերոսացնում են Մոնթեին, միայն դրական հատկանիշների մասին են խոսում, բացասական հատկանիշներ չունե՞ր:
- Նա չափազանց դյուրին կհավատար ամեն մարդու լավն ըլլալուն ու անմնացորդ կվստահեր, ինքը կհավատար, որ բոլորն իրեն պես նվիրված են պայքարին, իր չափ զոհողությունների պատրաստ են, եւ այդ իմաստով երբեմն մարդկանց կվստահեր, որոնք իմ կարծիքով` այնքան էլ վստահելի չէին:
- Իր խոսքերից ո՞րն եք ամենաշատը կարոտել:
- Իսկապես...ամենը, շատ անուշիկ կխոսեր: Ընտանիքիս մեջ սովորություն դարձած է, երբ կհիշենք ինքզինքը, իր ելեւէջներով կխոսինք: 1983 թվականին, երբ ինձ հեռաձայնել էր, ասաց՝ դո՞ւն իս, վե՜րջապես, եւ ամեն անգամ, երբ իր մասին կխոսինք, քուրիկներս կասին՝ դո՞ւն իս, վե՜րջապես: Մոնթեն վատ խոսք չունիր, երբեք չէր հայհոյում. ամենազորավոր հայհոյանքը, երբ լսած էր մտերիմներին վնաս հասցնելու ծրագրեր կան, ջղայնացած ասում էր՝ թող փորձին անոր մոտենալ՝ մարը կթաղիմ:
- Մոնթեն երեխա ունենալու մասին խոսելիս ասում էր, որ նա կխանգարե պայքարին, չե՞ք գտնում, որ այն եսասիրական մոտեցում էր իր կողմից:
- Մենք կհետաձգեինք, որովհետեւ նախ հանրակացարանին մեջ կապրեինք, վերջին տարին էր, որ ծնողներն օգնեցին ու մեզի համար տուն գնեցին: Երեխայի մասին խոսակցությունը մեր միջեւ եղած էր, բայց հիմնական պատճառը, որ չէր ուզեր այդ ժամանակ երեխա ունենանք, ասում էր՝ երբ հղիանաս, ես կուզիմ այդ ամբողջ 9 ամիսներուն քովդ ըլլալ, որովհետեւ ես ալ կուզիմ վայելիմ այդ հղիությունը:
Ով իմանա, եթե զավակ ունենայինք, ինչպիսի մարդ կըլլար, ընկերներիս ալ ասած եմ, եթե Մոնթեի պես պիտի ըլլա, 10 զավակ կունենայի, բայց չես գիտեր երբեք: Հույս ունիմ՝ ժողովուրդը կուտա ժառանգորդներ Մոնթեին:
- Տիկին Սեդա, Դուք այդտեղից կարողանո՞ւմ եք զգալ այն դրական լիցքերը, որ արդի երիտասարդության շրջանում կա Մոնթեի կերպարի նկատմամբ՝ իր նկարով շապիկներ, սոցցանցերում գրառումներ, իր անունով փողոց անվանակոչելու առաջարկներ... Այս ամենը կարծես հակասում է Մոնթեի գաղափարներից մեկին՝ իմ գործը շարունակեք, իմ անունով մի երդվեք:
- Ես այդ լիցքերը կզգամ, թեեւ ինքս ֆեյսբուքը բոյկոտած եմ, սոցցանցերում հաճախակի չեմ ըլլա, բայց գիտեմ, կզգամ, որ երիտասարդության մեջ ինքն իրավացիորեն հատուկ տեղ ունի, եւ ես կհամարիմ, որ նա այդ վերաբերմունքը վաստակել է: Եղան մեր իրականության մեջ բաներ, որ ես մտածեցի՝ Մոնթեն հպարտ պիտի ըլլար այն երիտասարդությամբ, որ իր շապիկները կկրին, իր խոսքը կհիշին: Ես տակավին հույս ունիմ, որ երիտասարդները նորեն պիտի խմբվին, ինչպես եւ Մաշտոցի այգու ժամանակ: Նույնիսկ, եթե գիտենք, որ անմիջապես արդյունքի պիտի չհասնինք, միեւնույն է, այդ մասին խոսիլը, քալեր անիլն անհրաժեշտություն է, Մոնթեն երբեք չէր ըսած, եթե փոփոխություն չի լինելու, ինչու պետք է բան մը ընինք:
- Հայաստանյան իրականությանը նայելով, ի՞նչ կարող եք ասել՝ արժե՞ր այն գինը, որ տվեցին Մոնթեն, Ազգալդյանը, Գորգիսյանը եւ մյուսները:
- Անկեղծ կըլլամ, երբ հարցը պատերազմին կվերաբերի, անձամբ ինձի համար բացարձակապես որեւէ բան չարժեր, որ այդպիսի մարդիկ իրենց կյանքը տան չկա, մյուս կողմից, երբ ժողովրդի կեցությունն է խնդիրը, հայրենիքի սահմանները, անշուշտ ամեն ինչ արժեր, եթե կուզիս երկիրդ պահիլ, անշուշտ բարձր գին պետք է վճարիս:
- Բայց Դուք պարտվեցիք չէ՞:
- Այո, մենք բոլորս պարտվեցանք, պատերազմ չկա, որ հաղթող կըլլա, ես այդպես կմտածիմ, կապ չունի, թե վերջավորությամբ կըսեն` այսինչ կողմը հաղթեց, պատերազմի մեջ հաղթողներ չկան: Երկու կողմերն ալ չափազանց կարեւոր բան մը կկորցնին, Ադրբեջանին մեջ ինձ պես կիներ շատ կան, որոնց եղբայրն ալ, ամուսին ալ կորցուցին. ցավը՝ ցավ է:
- Մոնթեն երազում էր անկաշառ Հայաստանի մասին, ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ բանակում կոռուպցիա, մեղմ ասած, կա, աղմկահարույց պաշտոնանկություններ եղան, սակայն հիմնական մեղավորները, կարծես թե, պատիժ չկրեցին: Ի՞նչ եք կարծում` առանց կոռուպցիա ՀՀ-ն այդպես էլ երազա՞նք է մնալու:
- Ատիկա պիտի անեն երիտասարդները եւ իրենց ապագային հավատացող սերունդ մը, որ ինքը մասնակից չպիտի ըլլա այդ կաշառակերությանն ու կաշառատվությանը: Այդ մարդիկ միայն դրամի մասին կմտածին, իրենց համար բացարձակապես կարեւոր չէ ազգային շահը. միայն դրամ կտեսնին: Եթե լավ բանի համար պիտի պայքարիս, միշտ զոհ պիտի տաս, այդ զոհողությանը պիտի պատրաստ ըլլա պայքարող հասարակությունը:
Երկրին մոտենալը, որպես իրենց ստրուկ անպարկեշտություն է, իրենց հանքերով, ձկնաբուծարաններով, ո՞ր մեկը չունի: Հույս ունիմ` կհասնինք նրան, որ Մոնթեն կուրախանա:
- Ձեզ համար վիրավորական չէ՞, որ երկիրը թալանողները՝ իր արժեքներին հակասողները այցելում են Մոնթեի շիրիմին ու «խոնարհվում»:
- Էհ, եթե ամեն մի անարժանի գնացածի համար պիտի մտահոգվիմ... Խոնարհվում են նաեւ իր երբեմնի ընկերները, այդ մարդիկ ուրիշ մարդիկ էին, գիտեմ, որ նույն մարդիկն են, բայց աչքերու արտահայտությունը փոխված է, որովհետեւ հոգին փոխված է:
Մյուս կողմից կհասկընամ, որ քաղաքականության մեջ միշտ ալ ադպես է. անարժանները պիտի երթան արժանավորների շիրիմին, խոնարհվին ալ, ծաղիկ ալ դնին, եւ ատիկա նոր չէ եւ ոչ ալ պիտի շուտով վերջանա: Այդ մարդիկ, որոնք կամերաներուն կամ ցուցադրության համար կերթան շիրիմին, Մոնթեի անունը պիտի չտան:
- Նաեւ հետաքրքիր է Ձեր կարծիքը ՊՆ հեղինակած զինծառողների ապահովագրության նոր նախագծի մասին, որով յուրաքանչյուր քաղաքացուց 1000-ական դրամ է գանձվելու:
- Հիմարություն է, հարկային սիստեմ կա, հարուստներ կան լեփ-լեցուն, այդ հարուստներու հարկային բեռը թող ավելցնուն ու տանեն ՊՆ-ի հատուկ բյուջե, ինչի՞ մասին է խոսքը, կարծես թե, ժողովուրդը շատ լավ վիճակի մեջ է, հիմա էլ 1000 դրամ: Ու կխաղան զգացական բաներու վրա՝ հաշմադամ զինծառայող. ձեր կիները պայուսակ մը պակաս թող կրեն, պակաս մը ծախսեն իրենց շռայլ արձակուրդներու վրա եւ այդ գումարն ավելի կըլլա, քան ՀՀ քաղաքացիներուց գանձվածը:
Ես չեմ կրնա երեւակայել, որ մի մարդ կարող է ասել՝ ինքը հայրենասեր է ու հարկ չի վճարում, ինչպե՞ս կրնաս հայրենիքդ սիրես ու հարկ չտաս: Այդ տեսակ հայրենասիրությունն ինձ համար անհասկանալի է: