14:22 , 25 նոյեմբեր, 2016
Շատ կարևոր է առաջին ռինոպլաստիկայից հետո մի ամբողջ տարի սպասել՝ ևս մեկ փորձ կատարելու համար:
Սպիական հյուսվածքը, որն առաջին վիրահատությունից հետո ձևավորվում է քթի մաշկի տակ, սկզբում կոշտ է, ինչպես ցանկացած սպի: Ժամանակի ընթացքում սպին փափկում է, և ի վերջո այդ սպին գտնելու համար ստիպված կլինեք փնտրել այն, քանի որ մնացած մաշկի նման սպին այլևս չեք զգա:
Քթի սպին սկզբնական շրջանում կոշտ է, իսկ մի քանի ամիս հետո սկսում է փափկել: Կոշտություն այլևս չեք զգա, գուցե միայն քթի ծայրը բնականից ավելի կոշտ թվա: Սակայն մինչ փափկելը սպիական հյուսվածքը առկա է քթի տակ: Մոտ մեկ տարի է անհրաժեշտ, որպեսզի սպիական հյուսվածքը ամբողջովին փափկի: Եթե վիրաբույժը փորձի կրկնակի վիրահատություն իրականացնել մինչ սպիական հյուսվածքի վերջնական փափկելը, նա գրեթե երաշխավորում է գործընթացի անհաջողությունը: Կրկնակի վիրահատությունը չափազանդ բարդ է իրականացնել նույնիսկ արդեն փափկած սպիական հյուսվածքի դեպքում, իսկ մինչև հյուսվածքի փափկելը պարզապես անհնար է:

Բացի այդ՝ սկզբնական վիրահատությունից հետո քթի մեջ առաջացած այտուցվածությունը պակասում է, քիթը աստիճանաբար փոխվում է (հուսանք դեպի լավը), և կրկնակի վիրահատություն կատարելուց առաջ անհրաժեշտ է սպասել, մինչև այտուցվածությունն անցնի և քթի ձևափոխության գործընթացն ավարտվի: Փափկելու հետ միաժամանակ քթի տակ գտնվող սպիական հյուսվածքը կարող է կրճատվել, ինչը հետագայում կնպաստի քթի ձևափոխմանը: Ժամանակից շուտ կրկնակի վիրահատության դեպքում վիրաբույժը կարող է ուղղել այն խնդիրները, որոնք գոնե մասամբ ինքնուրույն կուղղվեին այտուցվածության հետքերի անհետանալու ընթացքում: Ժամանակից շուտ վիրահատություն կատարելու դեպքում նա իրականում չի կարողանա պատկերացնել իր աշխատանքի ծավալը:
Ժամանակից շուտ կրկնակի վիրահատությունը կարելի է համեմատել տան կառուցման հետ, երբ դրված հիմքը դեռ վերջնական չի նստել: Պետք է ամեն ինչ դադարի շարժվել, և նոր միայն կարելի է որոշում կայացնել, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, հետո անցնել այդ փոփոխություններն իրականացնելուն:
Եվ վերջապես, մենք արդեն նշեցինք, որ կրկնակի ռինոպլաստիկան անհամեմատ ավելի բարդ է, քան սկզբնականը: