19:12 , 24 նոյեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը շատ բնական է համարում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության հայտ ներկայացնելու քայլը:
«Նա նախագահի կողմից հրավիրվել, նշանակվել է վարչապետ, բնականաբար, պետք է կատարի այն ծրագիրը, ինչ դրել է իր առջև Հանրապետական կուսակցությունը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մտավորականն ասաց, թե վարչապետը կարող էր նաև անկուսակցական լինել, կարևորը դա չէ, կարևորն այն է, որ նա սկսել է շատ հետաքրքիր աշխատել:
«Մեր կյանքում իսկապես բան է փոխվում: Հասարակ բան է, բայց չենք զգում, թե ինչպես հանդարտություն է իջել հանրապետությունում, ժողովրդի վրա՝ նույնպես: Բոլորն անընդմեջ սպասում են վարչապետի հաջորդ քայլին, հաջորդ օրը՝ դարձյալ հաջորդ քայլին: Այնքանով, որքանով ես ճանաչում եմ Կարեն Կարապետյանին, նա խոսք ասող և անցնող մարդ չէ: Նա բառացիորեն գործի մարդ է, և դա մեր, ամբողջ հանրապետության շահն է»,-ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Հրապարակախոսի դիտարկմամբ՝ հայտնվելով Հանրապետական կուսակցությունում` վարչապետը կուսակցությանն ուժ կբերի, կամրապնդի հավատը կուսակցության հանդեպ, իսկ դա շատ լավ է:
«Մենք շատ լավ գիտենք, որ իշխող կուսակցությունը Հանրապետականն է և առաջիկայում էլ շարունակելու է լինել իշխող կուսակցություն: Իսկ վարչապետի այս քայլը նշանակում է, որ նա մտադիր է երկար աշխատել, ինչն ինձ ուրախացնում է, որովհետև ինչքան ինքը երկար աշխատի, այնքան ի օգուտ մեր ժողովրդի և մեր հանրապետության է»,-եզրափակեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել:
Ավելի ուշ նման դիմումներ ներկայացնելու մասին հայտնեցին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: