17:02 , 24 նոյեմբեր, 2016Հայերն ամեն տեղ պետք է տարբերվեն: Նույնիսկ սովորական սոցիալական ցանցը, որտեղ մարդիկ գրանցվում են շփվելու, ծանոթանալու և լրատվական կայքերի նորություններին հետևելու համար, մեզ մոտ դառնում է հասարակության մինի մոդել: Այո՛, Ֆեյսբուքը մեզ համար դարձել է փոքրիկ Հայաստան, որտեղ մենք անցկացնում ենք օրվա մեծ մասը, պայքարում բոլորի ու ամեն ինչի դեմ, բողոքում, կռվում, հետո համախմբվում ու աղոթում, ծանոթանում, ամուսնանում, 9 ամիս շարունակ հետևում սրա-նրա հղիությանը, երեխային անուն որոշում, մեծացնում, դպրոց ու բանակ ուղարկում... և այդպես շարունակ: Ֆորշի հայտնի երգի տողերով՝ «հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած Ֆեյսբուքում...»:
Ֆեյսբուքի հայկական տիրույթում, ինչպես Հայաստանում, բոլորն իրար բարեկամ են, բոլորն իրար ճանաչում են: Բայց կան մարդիկ, ում պետք է անպայման ճանաչի Ֆեյսբուքում գրանցված յուրաքանչյուր հայ:
BlogNews.am-ն առանձնացրել է 6 ֆեյսբուքցու, ում հետ պետք է պարտադիր ընկեր լինել և հետևել նրանց գրառումներին:
1. Սամվել ՄարտիրոսյանԸնկերների թիվը՝ 5000
Հետևորդների թիվը՝ 46.472
Եթե դուք հաճախ եք պատահաբար սեղմում վիրուսակիր հղումների վրա, ձեր գաղտնաբառը իմանում են ու ձեր անունից անբարո տեսանյութեր են տարածում (այո՛, մենք հավատում ենք, որ դա դուք չեք նայել), լավ չեք տիրապետում համացանցից անվտանգ օգտվելու կանոններին ու կարող եք թիրախ դառնալ հաքերների ու ադրբեջանցի օգտատերերի համար, ապա ձեզ համար կենսական նշանակություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ ֆեյսբուքյան ընկեր լինելը:
Առանց ամաչելու դիմեք նրան մասնագիտական խորհուրդ ստանալու համար, կարդացեք նրա տարածած գրառումները: Գուցե այդ ժամանակ Ֆեյսբուքի հայկական տիրույթում պակասեն տեղեկատվության պակասի հետևանքով առաջացած վիրուսներն, ու քչանա «աղբը»:
.jpg)
Ընկերների թիվը՝ 5000
Հետևորդների թիվը՝ 103. 593
Այնպես է ստացվել, որ մենք ապրում ենք թշնամիներով շրջապատված և գտնվում ենք անավարտ պատերազմի մեջ: Իսկ դա նշանակում է, որ բանակին և զինված ուժերին վերաբերող ցանկացած ինֆորմացիայի պետք է հավատալ և դա տարածել միայն ստուգված և հավաստի աղբյուրներից:
Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն է, ով անգամ ամենալարված պահերին ժամանակ է գտնում ու իր էջում տարածում այդ պահի համար ամենաթարմ և ճշգրիտ տեղեկությունը:
Սահմանին լարված իրավիճակներում Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է նաև բոլոր անձնական նամակներին:

Ընկերների թիվը՝ 5000
Հայաստանում եղանակի տեսությունն ասոցացվում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նա ամեն օր իր էջում տեղեկացնում է սպասվող եղանակային փոփոխությունների ու տեղումների մասին: Եվ քանի որ նրա կանխատեսումները հաճախ են համապատասխանում իրականությանը, Սուրենյանին կուրորեն հավատում են և նույնիսկ ցիկլոնները Հայաստանից տեղափոխելու խնդրանքներով դիմում:

Ընկերների թիվը՝ 1587
Հետևորդների թիվը՝ 1400
Արման Գասպարյանին գուցե քչերն են ճանաչում, բայց նրա ֆեյսբուքյան ընկեր օգտատերերը կփաստեն, որ նա տեղյակ է կինոինդուստրիայում կատարվող բոլոր իրադարձություններից ու նորություններից:
Նրան հետևելով՝ կարող եք ֆիլմերի վերաբերյալ հետաքրքիր վերլուծություններ կարդալ, տեղեկանալ սպասվող ֆիլմերի մասին և իմանալ՝ ինչ է կատարվում դրանց նկարահանման հրապարակներում: Արմանը նաև հրաշալի հումորի զգացում ունի և ակտիվորեն մասնակցում է Ֆեյսբուքում ամենատարածված մեմերի ստեղծման գործընթացին:
5. Օվանիտաս
Էջի լայքերի թիվը՝ 3,258
Ovanitas-ը «Omniavanitas»-ն է՝ «ամենայն ինչ ունայն է»: «Vanitas vanitatum оmnia vanitas» – «Ունայնություն ունայնությանց և ամենայն ինչ ունայն է»՝ Հին Կտակարանի Ժողովողի գրքից հայտնի մեջբերում:
Օվանիտասին կարելի է համարել հայ բլոգերների դասականներից: Նա բլոգային տիրույթում է հայկական բլոգոլորտի սկզբնավորման առաջին օրվանից և ի տարբերություն շատ բլոգերների՝ երբեք չի դադարեցրել իր գործունեությունը: Տարիներ շարունակ նա իր սուր հումորով, ճկուն մտքով և քաղաքական դաշտի փայլուն իմացությամբ վեր է հանում շատ արատավոր երևույթներ և գրելու իր յուրօրինակ ոճով կարողանում է հասցեատերերին հասցնել դրանք:
Մասնագիտությամբ ծրագրավորող բլոգերն համացանցից այն օգտվողներից է, ով ոչ միայն վերցնում է, այլ նաև՝ տալիս: Վստահ եմ, որ Ֆեյսբուքում հայերեն գրողների մեծ մասն իրենց հեռախոսներում և համակարգիչներում հայերեն տառատեսակը նրա օգնությամբ են ավելացրել:

Ընկերների թիվը՝ 5000
Հետևորդների թիվը՝ 4004
Արմենի բլոգը իր ուղղվածության մեջ ամենահայտնին է: Բլոգը հիմնականում վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաներին: Բլոգում տեղադրվում են նյութեր, խաղեր, գլուխկոտրուկներ, վիդեոներ, նկարներ և այլն: Արմենը միշտ անդրադառնում է ՏՏ ոլորտում տեղի ունեցող նորություններին ու շատ մատչելի լուսաբանում այս ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները:

Հ.Գ. Համացանցում շրջապատեք Ձեզ կիրթ և խելացի մարդկանցով, եղեք իրազեկ ու պաշտպանված: