ՄԻՊ-ը Human Rights Watch-ի Ժնևի տնօրենին է ներկայացրել Բաքվի ապրիլյան բռնությունները


10:46 , 24 նոյեմբեր, 2016
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Ժնևի տնօրեն Ջոն Ֆիշերի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Հաշվի առնելով Human Rights Watch-ի հատուկ ուշադրությունը պատերազմական իրավիճակներում խաղաղ բնակչության նկատմամբ ուժի և հատուկ զինատեսակների կիրառման դեպքերին՝ Արման Թաթոյանը պարոն Ֆիշերի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կիրառած բռնությունների, բնակավայրերի ռմբակոծության, գլխատումների, ինչպես նաև այդ կապակցությամբ ադրբեջանական մամուլում և պետական մակարդակով հայատյացության քարոզի վրա: Առանձնապես կարևորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դերը փաստահավաք աշխատանքների իրականացման հարցում և նրա զեկույցների նշանակությունը: Ջ. Ֆիշերին են փոխանցվել այդ աշխատանքների արդյունքները՝ համապատասխան փաստերի ապացույցներով:

Պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հայնս Կոլլերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:

Այս հարցը հատկապես կարևորվել է՝ հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը լիազորված է հետևել նաև մասնավոր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստել խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը: Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ ծրագրային առաջարկով և իրականացնել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ:

Պարոն Կոլլերն իր պատրաստակամությունն է հայտնել այդպիսի ծրագրերի իրականացման նպատակով հատուկ առաքելությամբ ժամանել Հայաստան: