«Հրապարակ». ՀՀԿ ԳՄ-ն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով


09:50 , 24 նոյեմբեր, 2016

«Վերջին օրերին ՀՀԿ ԳՄ-ն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով. ուրբաթ օրը ևս նիստ կանի: Նախորդ ԳՄ-ում որևէ կարևոր հարց՝ ԳՄ-ն քանի՞ անդամ է ունենալու, ովքե՞ր են, Կարեն Կարապետյանը և յուր նախարարաց դասը դառնալու՞ են ՀՀԿ անդամներ, չի քննարկվել: Քննարկվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների հարցը՝ կմասնակցի 1790 կուսակցական: Հյուրեր կլինեն Ռուսաստանից, պատվիրակությունը կղեկավարի Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: ԵԺԿ նախագահը տեսաուղերձով կդիմի համագումարին, չինական կողմը՝ նույնպես:

 

ԳՄ նիստում ներկայացվել են նաև ՀՀԿ կանոնադրության փոփոխությունները, որոնք առանցքային չեն՝ հանվել են Տիգրան Թորոսյանի ժամանակ գրված պրեամբուլայի որոշ դրույթներ, հիմնականում՝ հոգևոր շեշտադրման: «Աստծո անունը զուր տեղը չհնչեցնելու մոտիվացիայով, ներկայացվեց ծրագիրը՝ խիստ ընդհանրական: Մանրակրկիտ ու բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չի եղել: Կարծում ենք՝ ուրբաթ օրվա նիստում թե այդ, թե ՀՀԿ անդամագրման, թե ԳՄ թվակազմի խնդիրները համագումարից ժամեր առաջ վերջնականապես պարզ կլինեն»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:

 

Ինչ վերաբերում է համագումարի բուն ընթացքին, ապա այն կանցնի մի քանի նիստով. օրակարգում կլինեն Սերժ Սարգսյանի հաշվետվությունը, կանոնադրության, ծրագրային փոփոխությունները և, իհարկե՝ ԳՄ անդամների ընտրության հարցը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։