19:46 , 23 նոյեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են առողջական խնդիրների պատճառաբանությամբ՝ կեղծիքների միջոցով, զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր։ Պարզվել է հանցավոր գործունեության մեջ ներգրավված անձանց ինքնությունը, որոնց գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի մի բնակչուհի, չունենալով մշտական կամ ժամանակավոր աշխատանք, զարտուղի ճանապարհով, խարդախությամբ գումար վաստակելու նպատակով, տարբեր քաղաքացիների ներկայացել է որպես ՀՀ զինված ուժերի նախկին աշխատակից, գործող բուժհաստատություններում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձ, իր ծառայություններն է առաջարկել ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց՝ խոստանալով տարբեր չափերի գումարների դիմաց տարկետումներ տրամադրել, որոշ դեպքերում նաև` ընդհանրապես ազատել զորակոչից: