19:11 , 23 նոյեմբեր, 2016
Panorama.am-ը գրում է.
Օկուպանտ բառի հասցեատերը առաջին հերթին Թուրքիան է, որովհետև ոչնչից Կիպրոսը բաժանել է երկու մասի: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար Վահրամ Աթանեսյանը:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նշել է «գրավյալ» տարածքներից Հայաստանի արագ դուրս գալու անհրաժեշտության մասին:
«Օկուպացիայով որևէ տեղ չեն հասնի, դա օկուպացիա է, որին դեմ է Թուրքիան: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան րոպե առաջ կատարեն իրենց վրա ընկած պարտականությունները: Եթե սա միջնորդություն է, ապա նրանց պարտականությունն է այն ավարտի հասցնել: Ցանկությունս այն է, որ օկուպացիային վերջ տրվի և ադրբեջանցի մեր եղբայրները հասնեն իրենց հողերին», -ասել է Ռեջեփ Էրդողանը:
Ավելի քան կես դար է, ինչ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի հյուսիսը, այնտեղ ստեղծելով Կիպրոսի թուրքական հանրապետություն, որտեղ շրջանառվում է թուրքական լիրան, որտեղ կանգնած է թուրքական բանակը, որտեղ մարդիկ օգտվում են թուրքական քաղաքացիության անձնագրից: Եվ այդ պետական կազմավորումը կես դար շարունակ գոյատևում է Թուրքիայի օկուպացիոն ռեժիմի և Թուրքիայի կողմից ցուցաբերվող տնտեսական մշակութային և այլ քաղաքականության պայմաններում:
Աթանեսյանի խոսքով, Թուրքիայի նախագահի բնորոշումներն ու ձևակերպումները ոչ միայն անընդունելի են, այլ նաև շատ վիճահարույց:
«ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև խնդիրը պետք է միջազգային իրավունքի տեսակետից դիտարկել բոլորովին այլ հարթությունում, որովհետև ոչ Արցախն է նախահարձակ եղել Ադրբեջանի նկատմամբ և ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը, որին ուղղված է Էդրողանի խոսքը: Փաստացի տեղի է ունեցել այն, որ ԼՂՀ ժողովուրդը բնակչության գերակշիռ մեծամասնություն կազմող հայերը օգտվելով Խորհրդային միության փլուզման իրավիճակից, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և Խորհրդային միության կողմից ընդունված «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի մասին» օրենքի դրույթների վրա, անցկացրել է հանրաքվե և հռչակել անկախ հանրապետություն դեկտեմբերի 10-ին: Իսկ Ադրբեջանը ընտրել է Արցախից հայ բնակչությանը բռնի տեղահանելու, ԼՂ-ի հայկական բնակավայրերը հրթիռակոծելու, ճնշումների ենթարկելու, պարենային ճգնաժամի հասցնելու քաղաքականություն, որի այլընտրանքը եղել է զինված ինքնապաշտպանությունը»,- նշեց Աթանեսյանը և հավելեց, որ այսօրվա գծված շփման գիծը ոչ թե հայկական էքսպանսիայի, այլ Ադրբեջանի ագրեսիայից ապահովագրվելու արդյունք է:
Վ.Աթանեսյանի կարծիքով, Թուրքիայի նախագահի հայտարարությունը նաև կապված է աշխարհում քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ, հատկապես ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների, ուստի այս հայտարարությամբ նաև ակնկալվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից վերաբերմունքի փոփոխություն մտցնել ԼՂ խնդրի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ