12:54 , 27 փետրվար, 2013
Հեղինակներ՝ Ֆարմազյան Անի, Խրոյան Գայանե
Կան մարդիկ, ովքեր իրենց սովորական օրն անցկացնում են տանը՝ համակարգչի առաջ, ու անգամ չեն էլ պատկերացնում, որ կարող է հենց այդ րոպեին իրենց երազանքները փախչում են հենց իրենցից. նրանք շատ անտարբեր են… Նաև կան մարդիկ, որ ամեն րոպե, ամեն վայրկյան որոնումների մեջ են՝ ինչ-որ բարձունքի հասնելու համար:
Ողջույն… Ես Արամն եմ, այսօր ես դարձա 22 տարեկան, իսկ այս բոլոր տարիների ընթացքում միշտ եղել եմ ուշադրության կենտրոնում, ձգտում եմ կյանքում չբավարարվել նրանով, ինչ ունեմ. ուզում եմ հասնել ավելիին, քանի որ ինքս պատրաստ եմ դրան: Միաժամանակ պատկանում եմ այն հասարակ մարդկանց թվին, ովքեր շատ պարզ են ու մաքուր…
Մի քանի ամսից կավարտեմ ու կանցնեմ իմ ամենօրյա զբաղմունքին. վերջապես կզբաղվեմ այն աշխատանքով, որով ինքս ուզում եմ զբաղվել: Տանը մնում եմ միայն այն դատարկ պայմանից ելնելով, որ կարողանամ ինձ հարազատ սենյակում հոգնած աչքերս փակել ու հանգի՜ստ քնել: Գիտեք՝ զարմանալի է, բայց ես անգամ քնելուց եմ վախենում բաց թողնել այն հիասքանչ պահերը, որ կարող էին լինել իմ կյանքում: Հենց այսպիսին եմ ես՝ շատ համառ ու նաև վախկոտ: Երևի շատերդ կմտածեք, որ հիմարություն եմ ասում, բայց տղաներն էլ են վախենում, հավատացե՛ք:
Օրը լուսացավ, արդեն առավոտ է: Այն հիասքանչ առավոտներից մեկը, որը գերադասում եմ անցկացնել ինչ-որ հետաքրքիր զբաղմունք գտնելով, քան տանը բազմոցին նստելով: Աչքերս բացեցի սովորականի պես ու մի հանգստություն իջավ սառած մարմնիս: Ես ինձ դուրս գցեցի հոգնածությունից խառնված անկողնուցս ու վազեցի լվացվելու: Հայելու դիմաց կանգնեցի ու աչքերս ինքնին սկսեցին զարմանալ:
-Աստվա՜ծ իմ, մի՞թե սա ես եմ,- սարսափահար սկսեցի խոսել ինքս իմ հետ,- Արա՛մ, ինչո՞ւ է դեմքդ այսքան «մամռոտ», մի՞թե չես կարողացել այսօր ինչպես որ հարկն է հանգստանալ:
Շարունակելով վիճել ինքս իմ թաց մտքերի հետ՝ լվացվեցի ու շտապեցի հագնվել: Ոչինչ այնքան հաճելի չէ ինձ համար , ինչքան այն փաստը, որ արդեն պատրաստվում եմ դուրս գալ տանից: Սիրում եմ քայլել մարդաշատ փողոցներով ու անկախ ինձանից սկսում եմ մարդկանց գնահատական տալ:
-Հիասքա՜նչ առավոտ է, կարծես տարբեր մյուս բոլոր առավոտներից, որ արդեն ունեցել եմ:
Արևը շողում էր հոգնած դեմքիս, ու ես ինքս ինձնից անկախ ժպտում էի նրան՝ աչքերս կկոցելով: Միշտ տարբեր է եղել արևն ինձ համար: Նրա գունազարդ տեսքը, պայծառությունն ու պարզությունը պակասում է մարդկանց մեջ: Չնայած ամեն մարդ յուրովի է գեղեցիկ թե՛ իր դատարկ ներաշխարհով և թե՛ սուր արտաքինով: Արևը գուցե միայն իմ մեջ է նոր հույս, նոր հավատ ստեղծում, առաջ քայլելու ուժ տալիս:
-Մարդիկ այնքան են ցածրացել: Նրանցից և ոչ մեկի մեջ չեմ տեսնում կյանք, նրանք ասես «քայլող հոգիներ» լինեն: Մի՞թե անգամ մեկը չի տարբերվի նրանցից իր ամեն ինչով, մի՞թե չկա նման մարդ, մի՞թե բոլորը նույնն են: Այնքա՜ն եմ հոգնել դատարկ մարդկանցից, նրանց դատարկ մտքերից ու դատարկ խոսքերից… Գուցե նրանց էլ ես եմ դատարկ թվում, բայց միևնույն է, հոգնել եմ նրանցից:
Նորից ու նորից ինքս իմ հետ վիճում եմ, ինձ մեղադրում, որ կողքիս չկա այն մեկը, ով գուցե մարդկանց մեջ լավը տեսնելու ուղին ցույց կտար: Կհամոզեր, որ նրանք այն չեն, ինչ որ ես եմ կարծում: Գուցե տարօրինակ թվամ բոլորին, բայց ես այսպիսին եմ, ոչինչ փոխել չեմ կարող. ծնվել եմ այսպիսին, մինչ օրս եղել եմ ու, թերևս, կշարունակեմ լինել այսպիսին:
Տարբեր օրը, ամեն ինչից տարբեր կապույտ երկինքն ու ոչնչից չտարբերվող անհամ մտքերս իմ մեջ ասես խառնում էին հույզերիս ներդաշնակությունը: Դանդաղ մոտեցա մի դատարկ նստարանի ու անզգա մարմինս հրեցի առաջ, մի խոր հոգնածությամբ հառաչեցի և անձայն նստեցի: Նստեցի և, ինչ որ բան գտնելու հույսով, սկսեցի նայել շուրջս, «հոտոտել» մթնոլորտը շրջակա տարածքում: Նայեցի աջ՝ ոչինչ չտեսա, հետո ձախ՝ էլի չտեսա, մեկ էլ… մի արև, իմ կյանքի բոլոր արևներից տարբեր մի գունավոր արև անցավ իմ կողքով: Ես ապշած եմ, նա այնքան ուրիշ էր, իմ պարզ առավոտներից էլ տարբեր մի ուրիշ առավոտ, մի ուրիշ գեղեցկություն ու հմայիչ վերին աստիճանի նրբությամբ: Մինչ ես գնահատական էի տալիս իմ տեսած արևին, նա կամաց-կամաց հեռանում էր տեսադաշտիցս:
-Ես գտա՜…գտա՜… ես վերջապես գտա նրան,- անսպառ ուրախությունից անգամ տեղիցս վեր կանգնեցի:
Տարտամ քայլերով սկսեցի հետևել նրան. նա այնքա՜ն գեղեցիկ էր:
-Իմ արև, իմ պայծառ արև: Վախենում եմ… Մոտենա՞մ, թե նա չի հասկանա ինձ,- խուճապահար սկսեցի արագ կողմնորոշվել:
-Մեկ րոպե, խնդրում եմ, կանգնեք մեկ րոպե,- անհանգիստ ձայնով անբարբառ լեզուս չկարողացավ զսպել հուզմունքս:
Մտացում էի՝ ոչ մի արձագանք,բայց… նա շրջվեց: Նրա երկար, փարթամ, սև մազերն ասես միանգամից շոյեցին կարմրած այտերս:
-Կներեք, իմ հե՞տ եք,- ամաչկոտ ձայնով դիմեց ինձ:
-Օ՜, ինչի՞ համար եք ասում «Կներեք»,- ոչ մի բացատրություն չգտնելով սկսեցի հիմարություններ դուրս տալ: Միայն ժպիտս էր երևի, որ ստիպեց նրան խոսել:
-Դուք այնքան ծիծաղելի եք,- կտրուկ պատասխանեց անիմաստ հարցիս ու միանգամից շրջվեց՝ իր ճամփան շարունակելու:
-Այս ի՜նչ հիմարն եմ ես… Ինչ է քո հետ կարավում, Արա՛մ, ուշքի արի:
Այսքան ուշ գտա նրան և հիմա վախենում եմ, փոքրիկ երեխայի նման վախենում եմ մի վայրկյանում կորցնել իմ կյանքի վառ արևին: Ավելորդ համարեցի կրկին մոտենալ, թողեցի նրան շարունակել իր ճանապարհը: Իսկ ես մոլորված անցորդի նման, ասես տեղս չգտնելով, սկսեցի քայլել ինձ համար արդեն իսկ դատարկ փողոցներով: Ուզում էի վազել նրա հետևից, ասել, թե որքան գրավեց սիրտս, իմ այդքան սառած սիրտը, որ մարդկանց հանդեպ չարությամբ էր լցված: Նա իմ մեջ արթնացրեց այն մեռած երազներս, որոնք վաղուց դադարեն էին գունավորել կյանքս: Միայն անկոտրուն նպատակներս էին, որ ստիպում էին առաջ նայել անգամ ամենածանր պահին: Իմ կյանքում շատ փորձություններ եմ ունեցել, դժվար պահեր եմ ապրել: Հիմա երևի շատերդ չեք հասկանա ինձ, բայց ասեմ, որ ՄԱՅՐ կորցնելուց վատ բան չկա այս աշխարհում: Նրա քնքշանքին կարոտ մնալուց, նրա քաղցր ձայնը չլսելուց այս կողմ աշխարհը վերջանում է, խավարում, ու, թերևս, այլևս անկարող ես լինում հասնել ինչ որ բարձունքների: Բայց հավատացե՛ք, հենց մայրս է, ով մինչև օրս օգնում է ամեն քայլս հստակ դնել, հավատալ ինքս իմ ուժերին: Ու գուցե այն փաստը, երբ մարդկանց կարիքը շատ էի զգում, որ մայրս ողջ մնար, նրանցից և ոչ մեկը քայլ չարեց՝ ինձ օգնելու, նրանց հանդեպ չարությամբ լցվեցի: Մարդկանց մեջ մարդկություն չի մնացել, նրանցից ամեն մեկը մտածում է իր մասին, իր լավ լինելու մասին: Հասկանում եմ, ինպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրեն դարդին: Սա բնական է, բայց երբ խոսքը մարդկային կյանքին է վերաբերվում, դա աններելի է: Ընդամենը մի քիչ 4-րդ կարգի արյուն, ու ամեն ինչ կարող էր ուրիշ կերպ ավարտվել: Երևի մորս ներկայությունը չզգալու պատճառով է, որ տանը մնալ չեմ կարողանում, մինչդեռ նրա ներկայությունը, նրա շունչը միշտ ինձ հետ է:
Հիրավի, նրան տեսնելուց հետո սկսում եմ հավատալ, որ մարդ արարածը կարող է անգամ հրեշտակ լինել՝ անմեղ ու մաքուր: Ես տարվեցի նրանով, քանզի նրա մի խոսքից իմ մեջ փոխվեց ամեն ինչ:
-Երևի գնամ տուն, այսօր արդեն դժվար կրկին տեսնեմ նրան,- ինքս ինձ նկատողություն անելով՝ քայլերս ուղղեցի դեպի տուն: Ոտքերիս տակ նայելու փոխարեն շուրջս էի ուսումնասիրում՝ հուսալով, որ գուցե և նորից կտեսնեմ:
Այսպես հասա տանս դիմաց, մի պահ կանգնեցի ու խոր հոգոցով հառաչեցի.
-Տու՜ն, իմ հարազատ անկյուն, ես նորից եկա քեզ մոտ հանգստանալու ու հոգնածությունս թոթափելու: Մինչ ուզում էի ինձ գցել այն նույն խառնված անկողնուս վրա, ընկերս զանգեց:
-Արա՞մ…
-Հա՛, Տիկ ջան:
-Ո՞նց ես այ ախպեր, էս ո՞ւր ես, չկաս:
-Տանն եմ, ո՞ւր պետք ա լինեմ: Ինչի՞ ես հարցնում, բանա՞ եղել:
-Դե՜…ոնց տեսնում եմ մոռացել ես ընկերոջդ: Ասել էիր գալու ես մեր տուն: Բան կար օգնելու, մենակ գլուխ չեմ հանում:
-Վա՛յ, Տիկ ջան, մեռնեմ սրտիդ, կներես ախպերս, մոռացել էի, հիմա վազելով կգամ, չնայած շատ հոգնած եմ:
-Չէ՜ հա,հանգստացի, բան չկա: Բայց էդ ի՞նչ քար ես քաշել, որ տենց հոգնած ես:
-Բան չէ, ուղղակի շատ քայլեցի:
-Քայլեցի՞ր… Դու հանճար ես Ար ջան: Բան ու գործ չունե՞ս այ տղա:
-Մտքերս խառնվել էին իրար, բայց մի բան ասեմ՝ չես հավատա:
-Դե ասա, ես էլ չեմ հավատա,- ծիծաղելով ասաց ընկերս:
-Գտել եմ, Տիկ, գտել եմ…
-Այ ես քո ցավը տանեմ, էդ ինչո՞վ ես տվել գլխիդ: Կարա՞ս նենց խոսաս, որ հասկանամ գոնե մի բան:
-Կգա՞ս… Մենակ եմ, արի խոսենք:
-Լա՛վ, լավ, 10 րոպեից կլինեմ:
Երևի կզարմանաք, բայց ընկերս, 10 րոպե չանցած, եկավ: Իսկական ընկերը պիտի Տիկոյի նման լինի: Միակ մարդը, ով հասկանում է ինձ դեռ մանուկ հասակից: Միասին շատ բաների ենք հասել, նա յուրահատուկ մարդ է: Երբ ուրախանում էի Տիգրանի մասին խոսելով, նա թակեց դուռը:
-Ներս արի, Տիկ, չգիտես, որ թակելը քեզ արգելվում ա, դու սպասված մարդ ես՝ օրվա որ ժամն էլ լինի:
Տիգրանը բացեց դուռը և դռան ճռռոցի հետ միասին ասաց.
-Ես զգացված եմ…
Քայլերը առաջ գցելով մոտեցավ ինձ, իսկ ես անգամ տեղիցս չէի կարողանում վեր կենալ:
-Ար, էս ի՞նչ ա վիճակդ, խի՞ ես սենց հոգնած:
-Է՜հհհ, Տիկ, էնքա՜ն ուրախ եմ:
-Հա, բա տեսքիցդ պարզ զգացվեց,- քմծիծաղով ասաց Տիկոն:
-Խնդա՜, խնդա, բայց ես լուրջ եմ ասում: Տիկ, էսօր, ինչպես միշտ, գնացի այգի, նստեցի նստարանի վրա ու սկսեցի մտածել: Հետո ինքը անցավ իմ կողքով, ի՜նչ նուրբ արև էր, Տիկ:
-Այ տղա, էս աչքիս սիրահարվել ես, հա՞:
-Դե չէի ասի, ուղղակի դուրս շատ էկավ առաջին հայացքից:
-Հետո՞, մոտեցա՞ր… ի՞նչ արեցիր:
-Հա, բա չէ, մոտեցա, բայց նենց հիմարություններ դուրս տվեցի, որ ասաց թե ես ծիծաղելի եմ: Անկեղծ իմ ծիծիաղն էլ եկավ…
-Վա՛յ, Արամ, քո նման մարդ չկա հա: Անգամ աղջիկ խոսացնել չես կարում: Միշտ քեզ հեռու ես պահել, հիմա էլ ուզում ես հիմարություն չլինե՞ր: Հանգիստ մնա, ընկերդ մի բան կանի քո համար, գիտես:
-Ապրես, Տիկ, միշտ ասել եմ ու էլի կասեմ՝ դու ուրիշ սրտով ընկեր ես:
Մենք շատ երկար խոսեցինք, ծիծաղեցինք իմ հիմարությունների վրա, և անգամ չնկատեցինք՝ օրն ինչպես գլորվեց:
-Դե լավ, գնամ տուն ախպերս, մաման կանհանգստանա, չեմ զգուշացրել:
Այդ պահին դեմքս այլայլվեց, ու Տիկոն զգաց, որ նեղվեցի:
-Արամ, կներես ցավդ տանեմ, չէի ուզում:
-Բան չկա, Տիկ, գնա մամադ սպասում ա քեզ:
Նա գրկեց ինձ հարազատի պես, այնքան ուժեղ, որ զգացի նրա հավատարմությունը:
-Դե բարի գիշեր, քեզ լավ նայի գիժ ջան: Վաղը կգաս, որ էն առաջադրանքս վերջացնենք:
-Անպայման, չեմ մոռանա, Տիկ: Քեզ էլ շատ մերսի:
Տիկոն ձեռքս սեղմեց և գնաց՝ իր հետևից փակելով ճռռացող դուռը: Ես էլ գնացի սենյակ քնելու: Գլուխս դրեցի փափուկ բարձին, ու մի վայրկյան չանցած, աչքերիս առաջ նա էր, իմ արևը:
-Արա՛մ, գուցե նա է քո երազանքը, բա՛ց չթողնես,- ինքս իմ առջև նպատակ դրեցի հասնել նրան, գրավել սիրտը, ինչպես որ նա արեց՝ առանց դրա մասին տեղյակ լինելու: Իմ արև՜, իմ պայծառ արև…
Օրը կրկին լուսացավ, նորից թարմ առավոտ է: Ինչպես միշտ, ամեն բան վերջացնելուց հետո տանից փախա, փախա ինձ մենակ չզգալու համար…Նորից նույն ճամփեքով քայլեցի, գնացի այգի ու նորից նստեցի հենց այն նույն նստարանին, որտեղ երեկ էի նստած:
-Գուցե կտեսնեմ քեզ, գուցե այսօր կկարողանամ ասել քեզ այն, ինչ զգացի երեկ, խոսել հետդ, քայլել կողքիդ…
Օրը սառած էր, երկինքն այնքան գորշ էր, որ հազիվ էի կարողանում նայել վերև: Բայց ոչինչ այնքան չուրախացրեց ինձ, ինչքան այն, որ արևս նորից վերադարձավ այնտեղ, որտեղ ես եմ:
-Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ես դու այսքան հմայիչ,- սկսեցի խորհել բարձրաձայն՝ չմտածելով, որ գուցե նա կլսեր:
-Դո՞ւք այդ կրկին դո՞ւք եք,- կարծես բարկացած տոնով դիմեց ինձ:
-Բարև՜… Որքա՜ն էի սպասել քեզ այս մեկ բարևն ասելու համար:
-Ասեցի՞ք, դե հաջողությո՛ւն:
-Խնդրում եմ, սպասի՛ր…Անունս Արամ է, ես երեկվանից քեզ եմ սպասում:
-Ցավում եմ, բայց պետք է Ձեզ հիասթափեցնեմ. ես ցանկություն չունեմ ծանոթանալու:
-Գոնե անունդ ասա, լա՞վ:
-Բայց դա Ձեզ ի՞նչ է տալու, եթե ես ինքս խոսել չեմ ցանկանում:
-Երևի մի փոքր հույս,- հստակ պատասխանեցի ես:
-Արևիկ…
Այդ պահին ամբողջ մարմնովս սարսուռ անցավ: Մի՞թե հնարավոր էր նման խելահեղություն: Այն մարդը, ում կոչել էի «Արև» միայն նրա համար, որ իմ կյանք մի ուրիշ լուսավորություն բերեց, հիմա կանգնած է իմ առջև ու հաստատում է այն փաստը, որ անունն իրոք Արև է: Ժպիտս կարծես ակամա նրան պատասխան տվեց:
-Ի՞նչ պատահեց,- վախեցած ձայնով հարցրեց ինձ:
-Ոչինչ, պարզապես շատ ուրախ եմ, որ իմ կյանքում կա երկու Արև:
-Ինչպե՞ս թե…
-Մեկն այն արևն է, որն ամեն առավոտ ստիպում է օրս նոր հույսով սկսել, իսկ մյուսը…
-Մյուսն էլ…
-Սպասի՛ր, ես կասեմ…Մյուսն էլ նա, ով իմ կյանք լուսավորություն բերեց, իսկ այդ մարդը դու ես, Արևի՛կ:
-Չէ՜, դու իրոք շատ ծիծիաղելի ես:
-Գուցե նստենք, նոր զրուցենք…
-Զարմանալի է, ես անգամ խոսել չէի ուզում, իսկ հիմա ինքս ինձ համոզում եմ նստել կողքիդ:
-Դե արի, նստի՛ր:
Նա շատ նուրբ սկսեց քայլերն առաջ գցել ու մոտեցավ ինձ:
-Հիմա կասե՞ս, թե ինչ էիր ուզում ասել:
- Արևիկ…Ես առանց քո անունն իմանալու, քեզ «Արև» էի անվանում, իսկ թե ինչի համար, արդեն պատմեցի:
-Հետաքրքիր էր…
-Կպատմե՞ս ինձ քո մասին…
-Ի՞նչ պատմեմ,- զարմացած հարցրեց ինձ Արևիկը:
-Քո մասին ամեն բան ինձ համար հետաքրքիր է ու կարևոր…Դու բոլորից տարբերվում ես…
-Արամ, ես պիտի գնամ, կներես,- շտապեց ընդհատել ինձ Արևիկը:
-Ես քեզ կճանապարհեմ…
-Կարիք չկա, ես ինքս կգնամ, շնորհակալ եմ:
-Բա մենք ե՞րբ կտեսնվենք…
-Վաղը, նույն տեղում,- քաղցր ժպիտով ասաց ու երկար վարսերը ետ գցելով շարունակեց քայլել թաց մայթով:
-Շատ բարի, կսպասեմ քեզ, իմ Արև,- ինքս իմ մեջ սկսեցի խորհել,- երանի մեկ անգամ էլ շրջվեիր,- անթաքույց ցանկությամբ աչքերս հառեցի նրա վարսերին:
Նա շրջվեց, նրա ծիծաղը, աստվածային ծիծիաղն այնքան մաքուր էր: Նա անկրկնելի էր: Ի պատասխան նրա քնքուշ ծիծաղի՝ ես ինքս ժպտացի: Այս րոպեներն ինձ համար աննկարագրելի թանկ էին:
Հետագայում մենք սկսեցինք ավելի հաճախ հանդիպել, սկսեցինք զանգել, զրուցել…Մի խոսքով՝ մտերմացանք: Իմ զգացմունքները կամաց-կամաց խորանում էին, իսկ թե ինչ էր կատարվում նրա ներսում, նա չէր ասում: Միշտ նույն պատասխանը. «Արի ժամանակից առաջ չընկնենք: Հիմա քեզ ոչինչ ասել չեմ կարող»: Բայց ոչինչ չէր փոխվում, միևնույն է, ես նրան ամեն ամեն օր մի յուրահատուկ ուժով էի սիրահարվում, մի տարբեր շնչով, տարբեր տենչանքով: Նրա հետ անցկացրած ամեն Աստծո օրս այնքան թանկ էր իմ համար:
Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ… Եվ մի անձրևոտ, մռայլ ու գորշ առավոտ նա ասաց, որ հարազատ եմ դարձել իրեն: Դուք գիտեք՝ ինչքան էի սպասել: Ասում են՝ այն մարդն, ով կյանքում չի կոտրվում, շատ բարձունքների է հասնում: Ես հասա, ես հասա այդ բարձունքին. այդ նա էր, իմ պարզ, մաքուր ու ոչ ոքի չնմանվող Արևիկը: Ես չէի մտածում, որ անձրևն էլ կարող է ինձ ուրախություն բերել, քանզի այդ ուրախությունը Արևիկի հետ եկավ…
-Արամ, խոսելու բան կա, հիմա դու որտե՞ղ ես,- խուճապահար ասաց Տիկոն և, ոչ մի բառ չթողնելով, որ ասեմ, կրկին սկսեց նույն հարցը տալ:
-Տիկ, մի հատ խորը շունչ քաշի ու հետո նոր ասա տեսնեմ՝ ի՞նչ ա եղել:
-Սենց չեմ կարա հանգիստ խոսեմ, արի կլինի հանդիպենք, հա՞:
-Հա դու ասա՝ ուր գամ, ես 15 րոպեից տեղում կլինեմ:
-Մեր փողոցի խաչմերուկի մոտ սրճարան կա, ես հիմա նստած քեզ եմ սպասում:
-Լավ, ավելի շուտ կհասնեմ ուրեմն:
Տիգրանի հետ խոսելուց հետո իմ մեջ կարծես վախ ընկավ: «Կարո՞ղ ա լուրջ բա նա եղել, որ ուզեց հանդիպենք»,-սկսեցի ինքս ինձ ենթադրություններ անել: Չնայած Արևիկի հետ արդեն պայմանավորվել էի, բայց կհասցնեի գնալ ընկերոջս մոտ, իսկ հետո՝ նրա:
Երբ հասա տեղ, սրճարանի փակված դռներից ինձ ինքնամոռաց ներս գցեցի:
-Արա՛մ,- վերջին սեղանից ձայն տվեց ընկերս:
Քայլ առ քայլ մոտենում էի Տիգրանին, բայց մտքովս ինչե՜ր ասես, որ չէին անցել:
-Տի՛կ, արագ ասա տեսնեմ էդ ի՞նչ ա եղել, որ սենց շտապ էր:
-Նախ ասա՝ ինչ կխմես,- ընդհատեց ինձ Տիկոն:
-Դառը սուրճ…
Նա կանչեց մատուցողուհուն ու խնդրեց 2 գավաթ սուրճ բերել, իսկ վերջում ավելացրեց.
-Հա, անպայման դառը:
-Շատ, բարի,- հաստատեց մատուցողուհին ու գնաց:
-Ար, հիշո՞ւմ ես էն առաջադրանքս:
-Էն, որ մի օր քո փոխարեն գրեցի՞:
-Հա՛, լավ էլ հիշում ես, փաստորեն:
-Տիկ, գլխիս մեջ ինչ ասես եկավ-գնաց: Մի հատ նորմալ խոսա:
-Կարճ ասած, ախպերս, էդ առաջադրանքը բոլորին դուրա էկել, հիմա պետք ա ինձ օգնես Ար:
-Օգնեցի էլի, հիմա ի՞նչ պիտի անեմ:
-Դե՜… Նենց ա ստացվել, որ էդ ծրագիրը ամերիկյան մի ընկերություն ուզումա գնի քեզնից:
-Ինձնի՞ց…Բայց ախր էդ քոննա, ես ի՞նչ կապ ունեմ:
-Ար դե իմ փոխարեն պիտի գնաս , վա՛յ…Ի՞նչ ուշ ա էս վերջերս քո մոտ ամեն ինչ տեղ հասնում:
-Բայց տենց՝ ո՞նց:
Տիկոն սկսեց ինձ մանրամասն բացատրել, իսկ իմ ամբողջ ուշադրությունն Արևիկն էր: Չգիտեի՝ ինչ անել: Մի կողմից ընկերս, ով այդքան ինձ օգնել է ամեն հարցում, մյուս կողմից էլ Արևիկը… Ես չէի կարող նրան թողնել ու գնալ Ամերիկա:
-Ար, էս քո համար նոր կյանքի սկիզբ ա, իսկ թե ինչ կլինի հետո, մնացածնել դու որոշի:
-Ի՞նչ պիտի անեմ,- մի քանի վայրկյան լռելուց հետո միանգամից հարցրեցի ես:
-Ինչ որ պայմանագրեր պիտի ստորագրվի Ամերիկայում, հետո էլ իրանք քեզ աշխատանք են առաջարկելու… Նենց ա, որ եթե գործդ լավ լինի, կարաս Արևիկին կանչես մոտդ:
-Հա, ճիշտա, մեծ առաջարկ ա, բայց չգիտեմ գլուխ կհանեմ, թե չէ:
-Օ՜, արդեն տենց, հա՞: Էսքան ժամանակ միակ բանը, ինչից գլուխ չէիր հանում, էդ աղջիկներն էին… Հիմա ամեն ինչ փոխվել ա. անգամ իրանցից ես գլուխ հանում:
-Կատակի մի տուր, Տի՛կ:
-Ես լուրջ բան եմ ասում:
-Լա՛վ, ես գնամ Արևիկին պիտի տեսնեմ, համ էլ կորոշեմ:
-Ար, էդ հիմա պիտի որոշես, որ ես պատասխան տամ: Բայց եթե չես ուզում…
Այդ պահին ոնց որ եռման ջուրը լցնեին գլխիս: Բայց ամեն դեպքում Տիկոն շատ բան էր իմ համար արել, չէի համարձակվի մերժել:
-Ասա՝ համաձայն ա:
-Եղավ, Ար ջա՜ն…
Ընկերս շատ ուրախացավ ու հենց այդ րոպեին ես հասկացա, որ անգամ իմ հաջողությունը նա իրենն է համարում:
Ես դուրս եկա սրճարանից ու անկախ ինձնից սկսեցի քայլել՝ մոռանալով ժամանակի անվերջ սլացող ընթացքը: Մտածում էի, մտածում ու կրկին մտածում.
-Լավ, բա Արևին ո՞նց ասեմ, ո՞նց կհասկանա:
Ու բազում հարցեր, որ ես ինքս էի ինձ տալիս՝ այդպես էլ պատասխան չգտնելով: Արդեն մոտենում էի իմ ու Արևիկի սիրած այգու մոտ, երբ հանկարծ.
-Ա՜ր, արի…,- այն նույն նստարանի վրա նստած նա ինձ էր կանչում:
Ու մի թույլ ժպիտ երևաց դեմքիս… Մոտեցա, նրան պինդ գրկեցի, համբուրեցի այնքան կարոտով, որ հասկացավ՝ մի բան այն չէ:
-Ար, ի՞նչ ա եղել:
-Դե՜, ո՞նց ասեմ,- ուսերս վեր ու վար անելով՝ սկսեցի արդարանալ:
-Ոնց կա տենց էլ ասա…
-Արև, ես քեզ սիրում եմ… Սիրում եմ նենց, ոնց իմ կյանքում չեմ սիրել երբեք ու ոչ մի անգամ: Դու իմ կյանքի միակ լուսավորությունն ես, միակ հավատը մարդկության հանդեպ:
-Վախեցնում ես, Արա՛մ:
-Արևս, ես պիտի գնամ Հայաստանից: Ինչ որ առաջարկներ են եղել Ամերիկայից իմ գրած ծրագրերի վերաբերյալ: Աշխատանք են առաջարկում, ինչ են անում, արդեն ես էլ չեմ հասկանում…
-Պարզ ա, գնալո՞ւ ես…
-Ուրիշ տարբերակ չունեի, Արև…
-Սխա՛լ ես…Միշտ էլ ուրիշ տարբերակ կա, ուղղակի դու տենց ուզեցիր, երևի…
-Արև, տենց մի ասա, խնդրում եմ քեզ, եթե գտնեմ, որ աշխատանքն ինձ համար չի, հետ եմ գալու:
-Իսկ եթե հակարակը լինի՞, եթե աշխատանքը սրտովդ լինի…կմնա՞ս,- ինձնից առաջ ընկելով՝ հարցրեց Արևիկը:
Չդիմացա, գրկեցի նրան, այնքան ուժե՜ղ…
-Ես քեզ իմ մոտ կկանչեմ Արևս, իմ մեջ ոչ մի բան չի փոխվել ու չի փոխվելու,- սկսեցի մխիթարել և՛ ինձ, և՛ նրան:
-Հեռավորությունը մարդկանց օտարացնում ա, Ար:
-Չէ՛, սխալ բաներ մի ասա, ես քեզ առաջվա նման կսիրեմ ու կսպասեմ, ոնց սպասում էի առաջ:
-Խոստանո՞ւմ ես…
-Խոսք եմ տալիս, հրա՛շքս:
Նա ինքն ինձ գրկեց ու սկսեց արտասվել…
-Ամեն բան կտայի, միայն թե արցունքներ աչքերիդ չտեսնեի:
-Սիրում եմ քեզ, սիրում եմ, անգամ եթե ամբողջ աշխարհը մեզ դեմ լինի, միևնույն է, ես քեզ կսիրեմ…
-Իմ Արև՜…Դու ուրիշ ես, իմ ուրիշ Դու…
Մեր հանդիպումներն օր օրի քչանում էին, քանզի մենք ինքներս գիտակցում էինք, թե բաժանումն ինչքան դժվար է լինելու:
Մոտենում էր օրը բաժանման,այն օրը, երբ ես պետք է մեկնեի Ամերիկա. նոր աշխարհ, նոր հույսեր, նոր մթնոլորտ, բայց հին երազանքներ:
-Ար, ես կգամ քո հետ օդանավակայան,-ասաց Տիկոն մեկնելուս նախորդ օրը:
-Չէ՛, Տիկ ջան, կարիք չկա, ինքդ գիտես, որ տանել չեմ կարողանում բաժանումը:
-Հա, բայց ո՞նց կլինի մենակ գնաս:
-Լրիվ մոռացել էի, Արևիկն ասեց, որ կգա հետս: Ավելի ճիշտ կլինի գաս, հետո էլ նրան ճանապարհես տուն:
-Ա՜յ, էս ուրիշ բան, ցավդ տանեմ:
-Տիկ, բայց մի տեսակ վախենում եմ նոր երկրի «մատուցած նվերներից»:
-Է՜, համը չհանես, հա՞:
-Դե, լա՛վ, ոնց կհրամայես շեֆ ջան:
Տիկոյի հետ խոսելուց հետո անգամ քնել չէի կարողանում: Հավատացե՛ք, ուժ չունեի Արևիկին զանգելու: Մի տեսակ և՛ վախենում էի, և՛ ամաչում: Իսկ թե ինչի համար, ես ինքս էլ չգիտեմ: Այս տանջող մտքերս այնքա՜ն էին կոտրում հավատս: Անկողծ ասած՝ իրոք վախենում եմ… Ամբողջ գիշեր քնել չկարողացա…Առավոտյան մի պահ աչքերս բացեցի ու հենց այդ նույն հոգնածությամբ նայեցի պատուհանիս սառած փեղկին:
Շարունակելի...