17:14 , 23 նոյեմբեր, 2016
Newmag.am-ը գրում է.
Հեռուստատեսային տաղավարներն ու հարցազրույցները, սոցցանցային ակտիվությունը, բոհեմային խնջույքներն ու կինոփառատոնային քննարկումները երբեք չեն գրավել ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանին: Նա առանձնապես չի ձգտել դեպի այդ միջավայրը: Հավանաբար սա է պատճառը, որ ռեժիսորին շատերը նույնիսկ դեմքով չգիտեն: Նախքան իր երևանյան շրջանը և առաջին հայկական նախագիծը նա սովորել է ВГИК-ի սցենարակինոգիտական ֆակուլտետում, հետո աշխատել է ՌԴ հեռուստա- և կինոարտադրությունում: Ստեղծագործել է Եֆրեմովի, Մարյանովի, Շակուրովի, Կիկաբիձեի և Ուրգանտի հետ: Անցած տարի Հայաստանում սկսվեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումը, և էկրան բարձրացավ տարվա ամենակարևոր հայրենական կինոպատմությունը:
Դիանա Մարտիրոսյան. – Մեր հանդիսատեսն այսօր շատ սուր և գրեթե հիվանդագին է վերաբերվում տեղական կինոարտադրանքին, այն էլ ազգային և պատերազմական թեմայով։ Մհե´ր, չէի՞ք վախենում, որ Ձեր ռեժիսորական արտադրանքն օբյեկտիվ չի գնահատվի։
Մհեր Մկրտչյան. – Թեման ինքն իրենով կարող է գրավել և հանդիսատեսին կանչել կինոթատրոն: Բայց եթե ֆիլմը չի ստացվել և վատն է, այն ուղղակի կդադարի իր կյանքով ապրել կամ այդ կյանքը կլինի շատ կարճ։ Հանդիսատեսն, իհարկե, էմոցիոնալ է: Միայն թեման, իհարկե, կարող է գրավել: Բայց մեկ է. կընդունվի՞ ֆիլմը, թե՞ չի ընդունվի, կհավանե՞ն, չե՞ն հավանի՝ դա շատ շուտ կկոտրվի։ Ես սկզբունքորեն չեմ հավատում նրան, որ միայն նուրբ թեմային անդրադառնալով կարելի է գրավել հանդիսատեսի սերը։ Չէ, ֆիլմը մի ապրանք է, որը ծնվելուց հետո ապրում է իր սեփական կյանքով։ Եթե խոտան է՝ արդեն իսկ խոտան է, էլ ոչ մի բան չի փրկի։
ԴՄ. – Այո, բայց, օրինակ՝ «Երկրաշարժի» փակ դիտմանը կային մարդիկ, որոնք լացում էին, որոնք իսկապես հավանել էին ֆիլմը։ Ինձ թվում է, որ մեր հանդիսատեսին դուր է գալիս ազգային պաթոսը։
ՄՄ. – Եթե ես լինեի կինոքննադատ, ավելի երկար կխոսեի այդ ֆիլմի մասին։ Այդ ֆիլմին ժամանակ տուր ։ Թե որ ֆիլմը «կպավ» ու գնաց` որոշ ժամանակ անց կհասկանաս՝ մնայո՞ւն է, թե՞ ոչ, ընդունվո՞ւմ է, թե՞ ոչ, տաղանդավո՞ր է, թե՞ խղճուկ կեղծիք։ Ես էլ իմ կարծիքը ունեմ այդ ֆիլմի մասին, բայց դրան ժամանակ է պետք տալ։
ԴՄ. – Ուղղակի մեր կինոշուկան ողբերգությունը շահարկում է հանուն բիզնեսի։
ՄՄ. – Բոլորն են դա անում, նույն` ռուսական շուկան։ Գուցե ոչ միայն ողբերգությունը, այլ նաև ուրիշ թեմա, որն արժեք է ունեցել։ Երկրաշարժի թեման շահեկան է, բայց` վտանգավոր։ Ես գուցե չհամարձակվեի այդ թեմայով ֆիլմ նկարել, քանի որ այն շատ նուրբ է՝ մի միլիմետր այս կողմ, մի միլիմետր այն կողմ` և տապալվելու ռիսկ կա։ Ես չէի համարձակվի այսօր ֆիլմ նկարել Ցեղասպանության մասին, որովհետև դեռ չեմ հասել ռեժիսորական այն մասշտաբին, որպեսզի անդրադառնամ մի բանի, որը նույնիսկ քսան տարի առաջ չի կատարվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ