Արման Թաթոյանը Ժնևում քննարկումներ է ունեցել ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ


12:24 , 23 նոյեմբեր, 2016

Արման Թաթոյանը Ժնևում քննարկումներ է ունեցել  ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետAysor.am-ը գրում է.

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին Ժնևում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ: Այս  մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերը: Միաժամանակ, ուշադրություն է դարձվել խոշտանգման և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման, այդ ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված հարցերին:

Արման Թաթոյանը ներկայացրել է նաև սահմանադրական և օրենսդրական նոր լուծումները, ինչպես նաև Պաշտպանի կանխարգելիչ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:

Կողմերը երկուստեք կարևորել են նաև ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունեության ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև հատուկ զեկույցներով վերհանված հարցերը ներկայացնելու անհրաժեշտությունը: