Ադրբեջանում նավթի արդյունահանումը կնվազի մոտ 4 տոկոսով


22:21 , 22 նոյեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանում 2017 թվականին կանխատեսվում է 39 մլն 796,9 հազար տոննա նավթի արդյունահանման ծավալ, ինչը 2016 թվականի համեմատ 3,7 տոկոսով պակաս է:

Այս մասին, հայտնում է ադրբեջանական marja.az  լրատվական կայքը:

Կանխատեսումների համաձայն` Ադրբեջանում 2017 թվականին արդյունահանվող գազի ծավալը կկազմի 28 մլրդ 390 հազար խորանարդ, ինչը այս տարվա համեմատ կլինի 2,9 տոկոսով պակաս:

2016 թվականին Ադրբեջանում նախատեսված է արդյունահանել 41 մլն 306,4 հազար տոննա նավթ եւ 29 մլրդ 242,5 մլն խորանարդ գազ:

2015 թվականին արդյունահանված նավթի ծավալը կազմել է 41 մլն 628,3 տոննա, իսկ գազինը` 29 մլրդ 175 հազար խորանարդ: 

Նավթի համաշխարհային գների շարունակական նվազումը պայմանավորված է այն բանով, որ Նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները` չնայած նրան, որ աշխարհում նավթի առաջարկը խիստ գերազանցում է պահանջարկին:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: