Արման Թաթոյանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարին է ներկայացրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագությունները


21:37 , 22 նոյեմբեր, 2016
Արման Թաթոյանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարին է ներկայացրել ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագություններըAysor.am-ը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին Ժնևում հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: 
 
Հանդիպմանը քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման և ամրապնդման հարցերը: Միաժամանակ, ներկայացվել և քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատի ուժեղացման հարցում:
 
Պաշտպանը հանդիպել է նաև Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքին:
Հանդիպման ընթացքում շեշտադրվել են ինչպես համատեղ ծրագրերի և համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը:
 
Բացի այդ, Պաշտպանը Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա: